հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հնչեցված տվյալները միակողմանի են, գերազանցապես խեղաթյուրված. հերքում՝ ԱՀ ԳԳԱ հիմնադրամից

Հնչեցված տվյալները միակողմանի են, գերազանցապես խեղաթյուրված. հերքում՝ ԱՀ ԳԳԱ հիմնադրամից

Հայկական «5-րդ ալիք» հեռուստաընկերության կողմից հունիսի 28-ին հեռարձակած՝ «Արցախի ԱԺ-ն չի կարողանում պարզել՝ ինչի համար է ծախսվել խոզաբուծության համար վերցրած 1 մլրդ դրամ վարկը» ռեպորտաժում հնչեցված տվյալները միակողմանի են, գերազանցապես խեղաթյուրված և չեն համապատասխանում իրականությանը:

Այս մասին նշված է ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տարածած հերքման մեջ:

Աղբյուրի փոխանցմամբ՝ 2020 թ. նոյեմբերի 10-ից առ այսօր ԱՀ քաղաքացիների հետ կնքվել են շուրջ 2.078 պայմանագրեր, համաձայն որոնց՝ հատկացվել է մոտ 6.711 մլրդ ՀՀ դրամ գումար, այդ թվում՝ 2.676 մլրդ ՀՀ դրամն ուղղվել է անասնապահության զարգացման ծրագրերի աջակցությանը:

«Ինչ վերաբերում է խոզաբուծության զարգացմանն ուղղված ծրագրերին, նշեք, որ վերոնշյալ ժամանակահատվածում այդ գումարի շրջանակում հիմնադրամի կողմից շահառուների հետ կնքվել են շուրջ 800 մլն դրամի պայմանագրեր, որոնց շրջանակում տնտեսվարողներին տրամադրվել է շուրջ 500 մլն ՀՀ դրամ:

Հորդորում ենք զանգվածային լրատվամիջոցներին և խորհրդարանական խմբակցությունների պատգամավորներին՝ ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի գործունեության մասին հրապարակային խոսքում միայն ճշգրտված ցուցանիշներ օգտագործել, ինչպես նաև ապահովել համակողմանի տեղեկատվություն: Անընդունելի է հիմնվել միայն այսպես կոչված «օդում կախված տեղեկությունների» վրա՝ փորձելով հանրային թյուր կարծիք ձևավորել:

Հավաստիացնում ենք, որ ԱՀ ԳԳԱ հիմնադրամն իր գործունեության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման հարցում միշտ բաց է, եթե այն, իհարկե, չի պարունակում նմանօրինակ կառույցներին հատուկ ֆինանսական գաղտնիք կամ շահառուների վերաբերյալ անձնական տվյալների բացահայտում:

Ի դեպ, ԱՀ ԳԳԱ հիմնադրամի տնօրենը յուրաքանչյուր տարի խորհրդարանում հանդես է գալիս նաև Հիմնադրամի գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվությամբ, և ԱԺ-ում ներկայացված բոլոր քաղաքական ուժերն ունեն հավասար հնարավորություն տեղում ճշտելու իրենց հուզող ցանկացած տեղեկատվություն»,- ասված է Հիմնադրամի պաշտոնական հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: