ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հիմա նոր պահանջներ են առաջ քաշում, այս պահին երևի կփորձեն ստուգել բեռնատար մեքենաները, հետո՝ քաղաքացիներին. Արցախի ԱԳ նախարար (տեսանյութ)

Հիմա նոր պահանջներ են առաջ քաշում, այս պահին երևի կփորձեն ստուգել բեռնատար մեքենաները, հետո՝ քաղաքացիներին. Արցախի ԱԳ նախարար (տեսանյութ)

Ադրբեջանի կողմից Հակարիի կամրջի վրա անցակետի տեղադրումը եւս մեկ հարված է նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթին: Այս մասին Հանրային ՀԸ-ի եթերում ասաց Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը: Նա հավելեց, որ Ադրբեջանն առաջ է քաշում Արցախը էթնիկ զտման ենթարկելու իր քաղաքականությունը:

՛՛Այս անցակետի տեղադրումով անվտանգային միջավայրի ընկալումն է փոխվում, եւ այս քաղաքականությունն Ադրբեջանը որդեգրել է վաղուց: Տարբեր անհիմն, կեղծ մեղադրանքներ առաջ քաշելով նա փորձում է դիմել նման սադրանքների՛՛,-նշեց արտգործնախարարը:

Նա ընդգծեց, որ նախ եւ առաջ՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթով ադրբեջանական կողմը երաշխավորել է, որ ԼՂ-ի՝ Հայաստանի հետ կապի անվտանգությունն ապահովվելու է Ադրբեջանի կողմից, եւ քաղաքացիները, տրանսպորտային միջոցները, բեռներն անվտանգ անցնելու են երկու կողմից:

՛՛Հիմա նոր պահանջներ են առաջ քաշում, այս պահին երեւի կփորձեն ստուգել բեռնատար մեքենաները՝ ներկայացնելով, որ իբր ստուգում են, որ զենք չլինի, հաջորդ փուլում արդեն առաջ կքաշեն, որ ստուգում են քաղաքացիներին, նրանց անձնական իրերը եւ այլն: Պետք է նշեմ, որ այս կետը փաստաթղթի կարեւորագույն էլեմենտն էր, եւ 2020 թվականին տեղահանված արցախցիների մեծ մասը վերադարձավ՝ հաշվի առնելով, որ այդ երաշխիքները կան, այդ թվում՝ նաեւ Ռուսաստանի կողմից՛՛,-ասաց Ղազարյանը:

Նրա խոսքով՝ արցախցիները վերադարձել են Արցախ՝ տեսնելով, որ ռուս խաղաղապահ զորակազմն է տեղակայվել, բայց հիմա հայտնվել են պատանդի կարգավիճակում. ՛՛Մենք հիմա տեսնում ենք, որ Ադրբեջանը խաղաղապահների կարմիր գծերը հետ մղելով առաջ է գնում, եւ տեսնում ենք, որ ռուսական կողմից տարբեր շրջանակների ներկայացուցիչներ խոսում են, որ իրենց ուշադրությունը սեւեռված է այլ ուղղության վրա. եւ դրանից շատ լավ օգտվում է ադրբեջանական կողմը: Հիմա մենք փորձում ենք հասկանալ՝ արդյոք կա՞ վերջնագիծ, սահմանագիծ կամ համբերության բաժակ, որ ռուսական կողմն ունի այս առումով՛՛:

Խոսելով ան մասին, թե արդյո՞ք սա նաեւ Արցախի իշխանությունների համար է կարմիր գիծ՝ նախարարն ասաց, որ այո, եզրակացություններ բոլոր ուղղություններով վաղուց են անում, սակայն այս դեպքով ակնկալում են կոնկրետ քայլեր ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից:

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: