կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հիմա կխնդրեմ փոխվարչապետին, սոցապ նախարարին որպես հայ մարդ, որպես 5 երեխաների հայր իրենց տանը ինձ գրանցեն․ արցախցի

Հիմա կխնդրեմ փոխվարչապետին, սոցապ նախարարին որպես հայ մարդ, որպես 5 երեխաների հայր իրենց տանը ինձ գրանցեն․ արցախցի

Մեր առջեւ պահանջ են դրել, որ գրանցվենք մի որեւէ հասցեում, ես ընկել եմ փնտրտուքների մեջ, ինձ ոչ մեկը չի գրանցում իր հասցեում: Այս մասին այսօր ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց արցախցի Արա Քամալյանը, ով պահեստազորի փոխգնդապետ է:

«Հիմա կխնդրեմ փոխվարչապետին, սոցապ նախարարին որպես հայ մարդ, որպես 5 երեխաների հայր իրենց տանը ինձ գրանցեն: Հիմա ոչ նպաստս եք տալիս, ոչ թոշակս:

Ժամանակին ես 25 տարի հայրենիքս պաշտպանել եմ, ինչպես այստեղ հավաքված բոլորը: Եթե այդքան մեր մասին մտածում են, թող իրենց տան վրա մեզ գրանցեն: Ես էլ կդառնամ ՀՀ քաղաքացի, ոչ թե մտածեմ Իսպանիա կամ Ֆրանսիա գնալու մասին»,-ասաց նա:

Արա Քամալյանը նշեց, որ Ադրբեջանի վերջին հարձակումից հետո ամենավերջինը ինքն է ընկերների հետ դուրս եկել Մարտունիից՝ սեպտեմբերի 27-ին: «Մենք այնտեղ ամեն ինչ ունեինք, հիմա ոչ մի բան չունենք:  Հիմա 5-6 ամիս նպաստ են տալիս, իսկ 6 ամիս հետո ինչ պետք է անեմ, փորձել եմ աշխատանքի համար դիմել, ռեզյումես կարդում են գովում են ու վերջ:

ՊՆ-ում մեծ սիրով ընդունում են, նորից ուղարկում են առաջնագիծ: Դրան էլ եմ պատրաստ, բայց հարց՝ ես որ գնամ առաջնագիծ, ընտանիքս տանեմ առաջնագիծ, իսկ միթե մենք այդքան իրավունքներ չունենք, որ գոնե թոշակը տան, նպաստը տան»,-ասաց նա:

Նշենք, որ ՀՀ իշխանությունները բռնի տեղահանված արցախցիներին առաջարկում են կամ ստանալ փախստականի կարգավիճակ, կամ ընդունել ՀՀ քաղաքացիություն եւ ստանալ թոշակ եւ այլ վճարներ, ինչպես ՀՀ բոլոր քաղաքացիները:

  • Կիսվել: