հինգշաբթի, հունիս 26
26 / 6 / 2025
ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունն անդրադարձել է ԱՀ դատախազության հաղորդագրության տարաբնույթ մեկնաբանություններին

ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունն անդրադարձել է ԱՀ դատախազության հաղորդագրության տարաբնույթ մեկնաբանություններին

Ս․թ․ հոկտեմբերի 31-ին Արցախի Հանրապետության դատախազության տարածած հաղորդագրությունը լրատվամիջոցներում ստացել էր լայն արձագանք, և դրա շուրջ տարածվել էին տարբեր բնույթի մեկնաբանություններ, այդ պատճառով ՀՀ-ում Արցախի Հանրապետության ներկայացուչությունը անհրաժեշտ է համարում տրամադրելու հավելյալ պարզաբանում։

Այս մասին հայտարարություն է տարածել  ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունը:
 
«Դատախազության կողմից հրապարակված տեղեկությունը վերաբերում է 2022թ. մայիսի 25-ին Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության աշխատակից Ա․Հ․-ի կողմից պետական դավաճանություն կատարելու ենթադրյալ դեպքի առթիվ ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցված քրեական գործին, որի նախաքննության ավարտի ու մեղադրական եզրակացությամբ դատախազություն ուղարկելու մասին հաղորդել էր նաև ԱՀ Քննչական կոմիտեն ։
 
Ցանկանում ենք իրազեկել նաև, որ գործունեության բնույթը և առանձնահատկությունները հաշվի առնելով՝ Ներկայացուցչությունը ձեռնարկել ու շարունակաբար ձեռնարկում է բոլոր միջոցները Արցախի Հանրապետության ներքին ու արտաքին անվտանգությանը սպառնացող երևույթները վեր հանելու,  չեզոքացնելու կամ դրանք կանխելու ուղղությամբ: Իրավապահ մարմինների կողմից հայտարարված դեպքը նույնպես բացառություն չէ, որի բացահայտման ու դեպքի բոլոր հանգամանքների հանգամանալից հետազոտությանն իր անմիջական մասնակցությունն է ունեցել նաև Ներկայացուցչությունը՝ իրավապահ մարմինների հետ ապահովելով պատշաճ համագործակցություն», - ասված է հայտարարության մեջ։
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի դատախազությունը տեղեկացրել էր՝ պետական դավաճանության ենթադրյալ դեպքի առթիվ հարուցված քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։
 
 

  • Կիսվել: