կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՀՀ ՄԻՊ-ը՝ Ադրբեջանի կողմից անազատության մեջ պահվող Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարության հետ հարցազրույցների շարքի մասին

ՀՀ ՄԻՊ-ը՝ Ադրբեջանի կողմից անազատության մեջ պահվող Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարության հետ հարցազրույցների շարքի մասին

Ադրբեջական  հեռուստաընկերություններից մեկը մարտի 10-ին հեռարձակել է տեսանյութ, որով ազդարարվում է Ադրբեջանի կողմից անազատության մեջ պահվող Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարության հետ հարցազրույցների շարքի մասին։

Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում ընդգծել, որ տեսանյութի նախապատրաստումն ու տարածումը հակասում են խնդրին առնչվող միջազգային չափորոշիչներին։

Նշված կարգավիճակով անձանց չպետք է դարձնել հանրային հետաքրքրության առարկա տարբեր պատճառներով, այդ թվում` անձի արժանապատվությունը հարգելու և նրան  ցանկացած ոտնձգությունից պաշտպանելու համար:

Գտնվելով անազատության պայմաններում` նշված անձինք չեն կարող անկաշկանդ կերպով ձևավորել և ներկայացնել իրենց համաձայնությունը տեսանկարահանվելու և իրենց մասնակցությամբ տեսանյութերի հեռարձակման կամ տարածման առնչությամբ, ինչն ունի առանցքային նշանակություն։

Տվյալների հրապարակման և սոցիալական ցանցերով տարածման հետևանքով նշված անձինք հանրության կողմից լրացուցիչ թիրախավորվում են, ինչի մասին են վկայում նաև այդ տեսանյութի վերաբերյալ ադրբեջանական օգտատերերի բացասական մեկնաբանությունները։

Հիշեցնենք, որ դեռևս 2023 թվականի հունիսի 5-ին Ադրբեջանի hանրային հեռուստաընկերություններից մեկը հեռարձակել էր տեսանյութ, որում անդրադարձել էր հայ ռազմագերիներին։ Ռեպորտաժում ադրբեջանցի լրագրողը զրուցում էր 5 հայ ռազմագերու հետ։ Տեսանյութի և դրա տարածման վերաբերյալ Պաշտպանը հայտարարությամբ էր հանդես եկել, որին կարելի է ծանոթանալ՝ անցնելով հղումով՝ https://www.ombuds.am/am/site/ViewNews/2569։

  • Կիսվել: