կիրակի, սեպտեմբեր 27
27 / 9 / 2026
ՀՀ իշխանությունների քայլերը բավարար չեն հայ գերիների վերադարձի համար․ Բեգլարյան

ՀՀ իշխանությունների քայլերը բավարար չեն հայ գերիների վերադարձի համար․ Բեգլարյան

 Արցախի նախկին ՄԻՊ, Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը բավարար չի գնահատում գործող իշխանությունների քայլերը Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների վերադարձի համար։ Այդ մասին նա այսօր հայտարարեց Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
 
«Նախ, որովհետև արյդունքները չենք տեսնում, և հետո շատ-շատ ակնհայտ գործողություններ պետք է անեն, որոնք չեն անում, այդ թվում՝ նրանց միջանկյալ պաշտպանությանն ուղղված։ Բացի այդ, գործող իշխանությունները երբեմն-երբեմն թիրախավորում են այնտեղ գտնվող կոնկրետ անձանց, հատկապես ռազմաքաղաքական ղեկավարությանը, ինչն էլ ցույց է տալիս, որ նրանք չեն ցանկանում, որ այդ մարդիկ վերադառնան»,- նշեց Բեգլարյանը։
Նա չի ժխտում, որ ընթացքում ինչ-որ արդյունքներ եղել ու մի քանի հայ գերի վերադարձել է, սակայն երբ հաշվի է առնում ՀՀ գործող իշխանությունների կողմից հաճախակի թիրախավորումները Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, ոչ մի քայլ չանելը՝ բացառելու հայ գերի նկատմամբ խոշտանգումներն, ինչպես նաև ընտանիքների հետ կապի ապահովումը, ապա դրանք բավարար են եզրահանգման համար, որ ՀՀ իշխանությունները լուրջ աշխատանք չեն անում։
 
«Իմ կարծիքով՝ ամենամեծ հնարավորությունը 2025 թ․ օգոստոսի 8-ն էր, քանի որ նախապայմաններից մեկը պետք է լիներ գերիների ազատարձակումը, և այդտեղ Թրամփի հետաքրքրվածությունը կարող էր լիներ։ Առայսօր այդ հնարավորությունից չեն օգտվել»,- ասաց Բեգլարյանը։
Ինչ վերաբերում է Արցախի տարածքում Ադրբեջանի կողմից հայկական մշակութային արժեքների ոչնչացմանը, ապա նրա կարծիքով՝ դա Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության շարունակությունն է, որը սպասելի էր։
 
«Ուղղակի ցավալին այն էր, որ ՀՀ իշխանությունները ոչ միայն անգործություն են ցուցաբերում՝ դա կանխելու համար, այդ թվում՝ բանակցային ճանապարհով, բացի այդ նրանք աջակցում են Ադրբեջանի այդ քաղաքականությանը՝ պարբերաբար հայտարարություններ անելով, թե դա Ադրբեջանի տարածքն է, ու նա է որոշում, թե ինչ կարող է անել։ Նույնիսկ, եթե Հայաստանի իշխանությունները Արցախը ճանաչում են Ադրբեջանի տարածք, ինչն այդպես չէ, իհարկե, սակայն նույնիսկ այդ դեպքում միջազգային նորմերով որևէ մեկն իրավունք չունի եկեղեցի քանդելու։ Սա նշանակում է, որ ՀՀ իշխանությունները նման հայտարարություններով լրացուցիչ քարտ- բլանշ են տալիս Ադրբեջանին»,- ընդգծեց Արցախի նախկին ՄԻՊ-ը։
Անդրադառնալով 2020 թվականի պատերազմի պատճառներին՝ Բեգլարյանն ասաց, որ հայկական կողմից տարբեր՝ քաղաքական, ռազմական բացթողումների հետևանք է եղել այդ տարիներին։
«2020 թվականի պատերազմին ակնհայտորեն նաև կառավարման բավականին շատ խնդիրներ են եղել, որոնց զգալի մասը դիտավորյալ խնդիրներ են եղել հենց քաղաքական մակարդակում »,- համոզված է նա։
 
Ըստ Բեգլարյանի՝ մենք տևական ժամանակ պետք է պատրաստվեինք այս պատերազմին, սակայն մենք մեր հույսը դրել էինք արտաքին գործոնների վրա։

  • Կիսվել: