չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Հայկական կողմն ունի՞ հայերին ԼՂ վերադարձնելու որևէ ծրագիր, եթե ունենար, ես կմեկնաբանեի. Զախարովա

Հայկական կողմն ունի՞ հայերին ԼՂ վերադարձնելու որևէ ծրագիր, եթե ունենար, ես կմեկնաբանեի. Զախարովա

Ռուսաստանը ծանոթ է Ղարաբաղի հայերի վերաինտեգրման Ադրբեջանի ծրագրին։ Ինչպես հաղորդում է Report-ը՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով հայերին Ղարաբաղ վերադարձնելու հարցը:

Ըստ Զախարովայի՝ ԼՂ հայերին կարելի է տարբեր կերպ անվանել, այդ թվում՝ ՛՛մինչեւ վերջերս այնտեղ բնակվողներ՛՛:

՛՛Հայկական կողմն ունի որևէ ծրագիր այդ կապակցությամբ։ Եթե այն լիներ, ես կմեկնաբանեի դա: Ինչու՞ եք հարցնում այլ պետության ներկայացուցչին, թե ինչպես ենք մենք այդ հարցը դիտում: Մենք [Ռուսաստանը] կողմերին դրդում ենք լուծել այդ հարցը, բայց, ինչպես հասկանում եք, առանց ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման՝ դա անելը բավական բարդ է՛՛,-ասել է նա։

Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանը ելնում է եռակողմ պայմանավորվածություններից, որոնք ձեռք են բերվել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի կողմից 2020 թվականին և դրանից հետո:

Նրա խոսքով՝ դրանք նախկինի պես կազմում են ադրբեջանահայկական հաշտեցման հիմքը. ՛՛Եվ մենք կարծում ենք, որ դրանց այլընտրանք չկա՛՛:

ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ եռակողմ համաձայնագիրն ընդգրկում է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման բոլոր առանցքային ուղիները՝ ներառյալ խաղաղության պայմանագրի մշակումը, սահմանազատումը, սահմանագծումը, տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, քաղաքացիական հասարակության գծով շփումների զարգացումը: Նա նաև ընդգծել է, որ հայ-ադրբեջանական կարգավորումը մանրամասն քննարկվել է նաև վերջերս ՌԴ նախագահի՝ Ադրբեջան կատարած պետական այցի ընթացքում:

Զախարովան նաև մեկնաբանել է էթնիկ զտումներին վերաբերող՝ հայ լրագրողի հարցը։

՛՛Էթնիկական զտումների վերաբերյալ, ճիշտն ասած, կարծում եմ, որ ես և Դուք արդեն խոսել ենք՝ հարցնելով, թե արդյոք այդ հաշվով որևէ եզրակացություն արե՞լ են Հայաստանում հարգանք վայելող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները։

 

Նույնիսկ այն ժամանակ, երբ մենք ձեզ հետ քննարկում էինք դա, վեց ամիս առաջ, դուք չէիք կարող ինձ տալ որևէ որոշում կամ գնահատական, որը բխեր էթնիկ զտումների վերաբերյալ միջազգային կազմակերպությունների կամ միջազգային կազմակերպությունում աշխատող փորձագետների գրչից։

Եթե ​​ունեք, խնդրում եմ հաղորդակից դարձրեք ինձ կամ տրամադրեք համապատասխան գնահատականներ՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: