ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հայաստանը պետք է հստակ դիրքորոշում հայտնի. Արկադի Ղուկասյան

Հայաստանը պետք է հստակ դիրքորոշում հայտնի. Արկադի Ղուկասյան

Ես համոզված եմ` այն ժողովուրդը, որը պատրաստ է պայքարել մինչեւ վերջ, նրան հնարավոր չէ հաղթել: Այս մասին  այսօր` հոկտեմբերի 30-ին, Ստեփանակերտում  լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը:

«Այստեղ կան, իհարկե, դժվարություններ, որովհետեւ մենք չենք տեսնում հստակ դիրքորոշում Հայաստանի կողմից: Ակնհայտ է, որ Արցախը միայնակ չի կարող պայքարել ամբողջ աշխարհի դեմ եւ մենք ակնկալում ենք Հայաստանի, Սփյուռքի եւ մեր բարեկամ երկրների աջակցությունը մեր պայքարում»,- ասաց նա:

Անդրադառնալով Փաշինյանի այն  հայտարարությանը, որ պատրաստ է Սոչիում խաղաղապահների տեղակայմանը ժամկետը երկարացնելու մասին փաստաթուղթ ստորագրել, Ղուկասյանն ասաց, որ  մինչ այդ ուրիշ մտքեր են հնչել եւ դա հաշվի առնելով, ինքը համոզված է, որ հստակ դիրքորոշում պետք է հնչի:

Նախկին նախագահն ասաց, որ իրենք չունեն հստակ ինֆորմացիա, թե ինչ են անելու ՀՀ իշխանությունները, միայն կարող են ենթադրել այդ մասին:

«Խոսքերն այս վերջին ժամանակահատվածում գրեթե արժեք չունեն, որովհետեւ խոսքերն ու մտքերը փոխվում են եւ մենք շատ հակասական հայտարարություններ ենք լսում, ինչը մտահոգիչ է: Այսօր Արցախը զրկված է պաշտպանել իրեն, այդ առաքելությունը դրված է Հայաստանի վրա եւ ես ուզում եմ հավատալ, որ Հայաստանը այդ միսիան կիրականացնի»,-ասաց նա:

Արկադի Ղուկասյանն ասաց, որ այսօր Ռուսաստանի խաղաղապահ ուժերն են պահում Արցախի անվտանգությունը, բայց դա չի նշանակում, որ Հայաստանն իր միսիան ավարտել է Արցախում. «Մեզ անհրաժեշտ է եւ Ռուսաստանի օգնությունը այս հարցում, եւ առաջին հերթին Հայաստանի օգնությունը, որովհետեւ ՌԴ-ն ինչքան էլ շահագրգռած լինի ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը, ունի իր շահերը, իր հարաբերությունները Թուրքիայի ու Ադրբեջանի հետ եւ որոշ հարցերում մենք տեսնում ենք վերապահումներ, բայց ինչ վերաբերում է Հայաստանին, Հայաստանը պետք է հստակ դիրքորոշում հայտնի»,-ասաց նա նշելով, որ մինչեւ հիմա իր համար պարզ չէ, թե ինչ դիրքորոշում ունի Նիկոլ Փաշինյանը:

  • Կիսվել: