ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայ խորհրդարանականները Միացյալ Թագավորությունում ներկայացրել են Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման հետևանքները

Հայ խորհրդարանականները Միացյալ Թագավորությունում ներկայացրել են Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման հետևանքները

ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Մեծ Բրիտանիա միջխորհրդարանական բարեկամության խումբը մարտի 6-9-ը աշխատանքային այցով ժամանել էր Միացյալ Թագավորություն։

Այցի ընթացքում հայկական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Համայնքների պալատի փոխնախագահ Ռոզի Ուինթերթոնի, ՄԹ խորհրդարանի ՄԹ-ՀՀ բարեկամության խմբի ղեկավար Թիմ Լոթընի և անդամների, ՆԱՏՕ ԽՎ-ում և ԵԽԽՎ-ում բրիտանացի անդամների, Եվրոպայի ստվերային նախարարի Սթիվեն Դոութիի, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների, Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Թոբիաս Էլվուդի, խորհրդարանական Քարեն Բրեդլիի և բարոնուհի Քերոլայն Քոքսի հետ:

Հանդիպումների ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-բրիտանական հարաբերությունների ներկայիս իրավիճակը, երկու երկրների միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման ու խորացման հեռանկարները, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների շրջանակներում։

Հայկական պատվիրակությունը ներկայացրել է Հարավային Կովկասում առկա զարգացումները, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման մարդասիրական սարսափելի հետևանքները՝ ընդգծելով Արդարադատության միջազգային դատարանի դատավճռի կատարման կարևորությունը, որը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլորը անհրաժեշտ միջոցները Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու համար։

Այս համատեքստում հայ խորհրդարանականները ողջունել են հունվարի 24-ին Լաչինի միջանցքի վերաբերյալ Վեսթմինսթերյան բանավեճը։

Հայկական պատվիրակությունն ընդգծել է Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ ռազմագերիների՝ առանց նախապայմանների և անմիջական ազատ արձակման անհրաժեշտությունը։

Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին և այդ համատեքստում Միացյալ Թագավորության կառավարության և խորհրդարանականների հնարավոր աջակցությանը Հայաստանի ջանքերին։

  • Կիսվել: