շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հանուն հայրենիքի զոհված հերոսների հիշատակին Ստեփանակերտում կազմակերպվել է միջոցառում

Հանուն հայրենիքի զոհված հերոսների հիշատակին Ստեփանակերտում կազմակերպվել է միջոցառում

Ստեփանակերտի Մուրացանի անվան քաղաքային գրադարանում այսօր՝ ապրիլի 14-ին, տեղի է ունեցել արցախյան երրորդ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված միջոցառում:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Մուրացանի անվան քաղաքային գրադարանի տնօրեն Անահիտ Միրզոյանը:

Նրա խոսքով՝ միջոցառումը ևս մեկ անգամ մատուցվող հարգանքի տուրք է հանուն հայրենիքի զոհված հերոսների հիշատակին, խոնարհում՝ անհայտ կորածների, գերության մեջ գտնվողների , վիրավոր տղաների և սահմանին կանգնած քաջարի զինվորների սխրանքների առջև։

«Փառք բոլոր զինվորներին, խոնարհում՝ նահատակներին: Պատերազմում մարտնչել են այն հայորդիները, ովքեր հայրենիքի սերը վեր են դասել ամեն ինչից, ովքեր գիտակցաբար մեկնել են ռազմաճակատ և իրենց ամենաթանկը՝ կյանքը զոհաբերել: Այդ նրանց շնորհիվ է, որ մենք ապրում ենք մեր սուրբ հայրենիքի մի փոքր հատվածում: Տա Աստված, որ մեր Արցախ աշխարհում միշտ լինի խաղաղություն»,- ավելացրել է Ա. Միրզոյանը:

Միջոցառմանը հայրենասիրական երգերով և ասմունքով հանդես են եկել գրադարանի ընթերցասեր երիտասարդները, իսկ ներկաները կիսվել են իրենց մտորումներով ու ապրումներով:

ԱՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության նախագահ Վերա Գրիգորյանն իր խոսքում ասել է, որ դաժան պատերազմից հետո ոչ ոքի սիրտը չի կտրվում ծանր ապրումներից ու վշտերից:

«Անորոշությունից մաշվում ու մղկտում ենք՝ չիմանալով, թե ինչ ճակատագիր ունեն մեր անհայտ կորածները: 27 տարի շարունակ մեր դուռը բաց է, մեր վերքը թաց է: Մենք մշտապես սպասում ենք անհայտ կորածների դարձին: Մոր համար որդուն սպասելը դառնագին ցավ է: Խոնարհվում եմ բոլոր մարտիկների առաջ, ովքեր անմահացան հանուն մեր հողի: Նրանք միշտ մեր սրտերում են ու մեզ հետ»,- մասնավորապես ասել է Վ. Գրիգորյանը:

Ապրիլյան և արցախյան երրորդ պատերազմների ժամանակ երկու որդիներին կորցրած հայր, լրագրող Միքայել Հաջյանն իր ելույթում նշել է, որ միջոցառման ընթացքում հնչած բանաստեղծությունների ժամանակ ինքը վերհիշել և վերապրել է պատերազմի դաժան իրողությունները:

«Այս պատերազմը ծանր հետևանքներ է ունեցել մեզ համար: Խոստովանենք, որ մենք կրել ենք խայտառակ պարտություն, որը, սակայն վերջնական արդյունք չէ: Այդ վրեժը մեզ դրդելու է, որպեսզի մենք գիտակցենք՝ թե ինչպես պետք է կառուցել մեր կյանքը, որպեսզի այլևս երբեք պարտություն չտեսնենք: Մենք ինքնահանգստացել էինք, ճոխության և նյութականի մասին էինք միայն մտածում: Այս պարտությունը հետևանք էր դավաճանության՝ թե՛ քաղաքական և թե՛ ռազմական ղեկավարության: Հեռու չէ ժամանակը, կգա օրը և դավաճանները կկանգնեն ահեղ դատաստանի առաջ: Ցավը խորն է, չկա մի անձ, ով չզգա այդ ցավը: Մեր տղաները մնացին բարձունքում: մենք չպետք է անընդհատ ողբանք՝ հանուն նրանց, հանուն նրանց որդիների և հարազատների: Մենք հեռացել ենք մեր ինքնությունից: Խոնարհվում եմ բոլոր որդեկորույս ծնողների առաջ, խոնարհվում եմ բոլոր անմահ զոհերի հիշատակին»,- մասնավորապես ասել է Մ. Հաջյանը:

Բանաստեղծ Սոկրատ Խանյանն իր խոսքում ընդգծել է, որ հայի հույսը չպետք է մարի:

«Վրեժ ունենք լուծելու թշնամուց ու ճակատագրից, և Արցախը պահելու՝ որպես Արցախ: Արցախ ասելով՝ առաջին հերթին հասկանում ենք մեր նախնիների հերոսական պայքարը: Արցախցին եղել է, կա ու լինելու է՝ որպես ամենախիզախ հայորդին»,֊ նշել է նա։

  • Կիսվել: