չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Համաշխարհային բիզնես-ղեկավարները Ալիեւին կոչ են անում պահպանել մարդու իրավունքներն Արցախում

Համաշխարհային բիզնես-ղեկավարները Ալիեւին կոչ են անում պահպանել մարդու իրավունքներն Արցախում

Համաշխարհային բիզնես-առաջնորդները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին կոչ են անում պահպանել մարդու իրավունքներն Արցախում։ Նրանք Ալիեւին նամակ են ուղարկել, որում, մասնավորապես, ասվում է. «Որպես համաշխարհային բիզնես-առաջնորդներ՝ մենք խորապես անհանգստացած ենք անկայուն եւ վատթարացող պայմաններով, որոնցում ապրում են մարդիկ Արցախում, որոնցից շատերը էթնիկ հայեր են։

Մենք կոչ ենք անում ձեր կառավարությանը հետեւել տարածաշրջանի բոլոր բնակիչների մարդու հիմնարար իրավունքներին, ինչպես նշված է Միավորված Ազգերի Կազմակերպության Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում եւ մարդու իրավունքների մասին միջազգային այլ օրենքներում։

Մենք կարծում ենք, որ Ադրբեջանի երկարաժամկետ տնտեսական շահերից է բխում լարվածության թուլացումը եւ մարդու իրավունքների պաշտպանությանը հավատարմության ցուցադրումը՝ ի տես միջազգային մասնավոր սեկտորի եւ ներդրումային հանրույթի։

Լաչինի միջանցքի լայնորեն քննարկվող ադրբեջանական շրջափակումը, որը մի քանի ամիս տեւեց, արդեն զրկել է տեղի բնակչությանը պարենից եւ հիմնական դեղերից, ինչպես նաեւ սահմանափակել ազատ տեղաշարժը՝ ավելի քան հարյուր հազար մարդու ավելի ծանր դրության մեջ դնելով։

Բռնության վերջին թեժացումը եւ ձեր շարունակվող հրաժարումը՝ թույլ տալ, որ միջազգային դիտորդներ գան եւ բավականաչափ հումանիտար օգնություն հասնի, էլ ավելի է ուժեղացրել  մտավախությունները տեղի բնակչության անվտանգության առումով։ Շատ մարդիկ, այդ թվում տարեցներ, խոցելի մարդիկ եւ երեխաներ, այժմ փախչում են եւ հեռանում իրենց տներից՝ անվտանգություն փնտրելով, քանի որ հումանիտար ճգնաժամը շարունակվում է։

Ադրբեջանում եւ ամբողջ աշխարհում աշխատող ձեռնարկությունները պատասխանատվություն են կրում բիզնեսի ոլորտում՝ ՄԱԿ սկզբունքներին համապատասխան, մարդու իրավունքների առումով եւ պարտավորվում են հարգել մարդու իրավունքներն իրենց գործունեությունում եւ գործնական հարաբերություններում, ներառյալ հարաբերությունները կառավարությունների հետ։

Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը կատարել իր պարտավորությունները, որոնք ներկայացված են միջազգային իրավունքում, որպեսզի բոլոր մարդիկ Արցախում կարողանան ապրել խաղաղ եւ անվտանգ, առանց խտրականության եւ անմարդկային վերաբերմունքի ու արժանապատվության նսեմացման սպառնալիքի, եւ ունենան ազատ տեղաշարժվելու հնարավորություն։ Նրանց անվտանգությունը, արժանապատվությունը եւ ազատությունը պետք է պաշտպանված լինեն»։

Նամակը ստորագրել են.

Փոլ Փոլման, ՄԱԿ Գլոբալ պայմանագրի փոխնախագահ եւ Unilever-ի նախկին գլխավոր տնօրեն

Ռիչարդ Բրենսոն, Virgin Group-ի հիմնադիր

Յեսփեր Բրոդին, The B Team-ի նախագահ

Շարան Բերոու, Արհմիությունների միջազգային համադաշնության նախկին գլխավոր քարտուղար

Քրիստիանա Ֆիգերս, Global Optimism-ի գործընկեր-հիմնադիր եւ 2020 առաքելության կազմակերպիչ

Անդրե Հոֆման, Roche Holding AG-ի փոխնախագահ

Արիանա Հաֆինգտոն, Thrive Global-ի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն

Մո Իբրահիմ, Celtel-ի հիմնադիր, Satya Capital Ltd-ի նախագահ, ինչպես նաեւ Մո Իբրահիմի հիմնադրամի հիմնադիր եւ նախագահ

Իզաբել Քոհեր դը Լեյրիթց, Blunomy-ի համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն, Engie-ի նախկին գլխավոր տնօրեն

Էնդրյու Լիվերիս,  Dow Chemical-ի պատվավոր նախագահ եւ նախկին գլխավոր տնօրեն

Հիրո Միզունո, ՄԱԿ հատուկ բանագնաց նորարարական ֆինանսների եւ կայուն ներդրումների գծով, Ճապոնիայի պետական թոշակային եւ ներդրումային ֆոնդի նախկին գործադիր տնօրեն

Թորբեն Մյոգեր Պեդերսեն, CIP հիմնադրամի նախագահ եւ Կոպենհանգենի բիզնեսի դպրոցի նախագահ

Խուան Կառլոս Մոր, Bancolombia-ի գլխավոր տնօրեն

Ժաքլին Նովոգրաց

Ջին Օելվանգ, Virgin Unite-ի գլխավոր տնօրեն-հիմնադիր եւ նախագահ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: