չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Հակառակորդի համար թաքնվելու տեղ դարձած ձորակները դառնալու են նրանց գերեզմանը. Հովհաննիսյան

Հակառակորդի համար թաքնվելու տեղ դարձած ձորակները դառնալու են նրանց գերեզմանը. Հովհաննիսյան

Այսօր ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով  Արցախում միջազգային լրատվամիջոցների աշխատանքին, ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասաց. ՛՛Որոշ լրատվամիջոցներ առաջին անգամ են եկել Արցախ, բայց, անկեղծորեն, արդարամտորեն իրականությունն են աշխարհին ցույց տալիս։ Հովհաննիսյանը շեշտեց, որ նրանք տեսնում են, թե ինչպես է հակառակորդը խաղաղ բնակիչներին ռմբակոծում, ինչ-որ կեղծ ու հորինված ադրբեջանական գաղափարների համար այսքան մարդ են սպանում, այդ թվում՝ իրենց սեփական  քաղաքացիներին՛՛։

Նա  անդրադառնալով նաև ՀՀ-ից, Սփյուռքից եկած կամավորներին և ասաց, որ արդեն մի քանի անգամ է՝ այցելում է Արցախ ու տեսնում մեր ամբողջ ժողովրդի միասնությունը։ ՛՛Մարդիկ եկել են իրենց սուրբ հողը պաշտպանելու՛՛,-նշեց ՊՆ ներկայացուցիչը։

Հովհաննիսյանը հավելեց. ՛՛Մեր  վիճակը հիմա ավելի լավ է, քան 15 օր առաջ։ Ես չեմ ասում, թե ամենածանր օրերն անցել են, միգուցե էլի կլինեն ծանր օրեր, բայց, կարծում եմ, 10-15 օր առաջ ավելի ծանր էր։ Հիմա, փառք Աստծո, մեր ներուժը, մեր ինքնակազմակերպվածությունը, կառավարումը, շատ ու շատ գործոններ ավելի լավ վիճակում են՛՛:

Նա  վստահեցրեց, որ  հաղթելու ենք՝ նշելով, որ երբեք չէր ասի դա, եթե ինքն իր մեջ վստահ չլիներ, որովհետև տեսել է 18 տարեկան զինվորի աչքերի կրակը Ֆիզուլիում, Հադրութում, Քարվաճառում, տեսել է մեր երիտասարդ սպաներին, կամավորականներին։

՛՛Չի կարող այս կամքը, էներգիան պարտվել․ դա անհնար է, և բոլոր նրանք, ովքեր ինչ-որ չափով կասկածել են, կասկածում են, ինչ-որ չափով ադրբեջանական քարոզչության տակ են, ուղղակի կարող են մեկ-մեկ մաքուր օդ շնչել այդ տղերքի հետ՛՛,-ասաց Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ պայքարի մեջ մեր հաջողության վստահությունն ամուր է  հատկապես ամենածանր ժամանակներում։ Ըստ Հովհաննիսյանի՝ պատերազմում  ամեն օր մենք տեսնում ենք դժվարին գործողություններ, հերոսություններ՝ տարբեր կողմերից, տեսնում ենք  հակառակորդի հարձակման ամենօրյա անդադար փորձեր:

Հովհաննիսյանն ասաց, որ պատերազմի սաստկությունը, ճիշտ է, նվազել է, բայց  համառություն հակառակորդը դրսևորում է ամեն օր։ ՀՀ ՊՆ ներկայացուցիչը շեշտեց՝ մենք մեր ամեն մի մետր հողը պետք է  պաշտպանենք մինչև վերջ։

՛՛Ես վստահ եմ հայ ժողովրդի միասնության վրա,  վստահ եմ հայ զինվորի հերոսության վրա, վստահ եմ հայ հրամանատարի խոհեմության վրա ու վստահ եմ, որ հաղթելու ենք՛՛,-ասաց Հովհաննիսյանը:

ՊՆ ներկայացուցիչը նշեց նաև, որ դիվերսանտներին հատիկ-հատիկ ոչնչացնելու են բոլոր տեղերում` կլինի հարավում, թե հյուսիսում` էական չէ:


՛՛Այդ ձորակները, որոնք իրենց համար թաքնվելու տեղ են ընտրել, դառնալու են նրանց գերեզմանը՛՛,- ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ մետր առ մետր առաջ գալով՝ հակառակորդը փորձում է լուծել իր գլխավոր խնդիրը, և Ալիևը չի թաքցրել, որ Շուշին իր համար այսօր կենսական կարևորություն ունի։

՛՛Ես կարծում եմ, որ երկար ժամանակ տեղում դոփելուց հետո իրեն ինչ-որ ցցուն, ինչ-որ հնչեղ հաջողություն է պետք: Կստացվի, թե ոչ, եկեք ես չմեկնաբանեմ։ Ամեն ինչ անում ենք, կռվում ենք յուրաքանչյուր մետրի, միլիմետրի համար՛՛,-եզրափակեց ՊՆ ներկայացուցիչը:

 

  • Կիսվել: