երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Հակամարտության մակարդակն իրականում աճել է շատ առումներով. Բոլթոնը՝ ԼՂ խնդրի շուրջ

Հակամարտության մակարդակն իրականում աճել է շատ առումներով. Բոլթոնը՝ ԼՂ խնդրի շուրջ

՛՛Արմնյուզ՛՛ ՀԸ-ի եթերում Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնն անդրադարձավ ԼՂ հակամարտությանը:

Նա պարզաբանց, թե ինչ նկատի ուներ, երբ Հայաստան այցի ժամանակ ասել էր, որ ՀՀ վարչապետը հիանալի դիրքերում է նաև ԼՂ հարցով վճռական որոշում կայացնելու առումով։

Այս առնչությամբ Բոլթոնը, մասնավորապես, ասաց. ՛՛Ես ժողովրդավարական հասարակությունում ապրելու փաստն էի արձանագրում, երբ երկրի նոր ղեկավարն է պաշտոն ստանձնում։ Դա ժամանակահատված է՝ տեսնելու, թե միջազգային հակամարտությունները, հատկապես նրանք, որոնք փակուղում են, արդյոք հնարավորություն ունե՞ն փակուղուց դուրս գալու, թե՞ ոչ:

Նախնական հանդիպումների ժամանակ հուսադրող նշաններ եղան, իմ այցից հետո մեկ տարվա ընթացքում դա այդպես չաշխատեց, և հակամարտության մակարդակն իրականում աճել է շատ առումներով։ Կարծում եմ՝ դա կորուստ է երկու ժողովուրդների՝ Ադրբեջանի և Հայաստանի համար՛՛:

Նա ասաց, որ հասկանում է, որ հակամարտության լուծումը բարդ է, և նշեց, որ ինքը Կովկասը համարում է առանցքային ոչ միայն այնտեղ ապրողների համար, այլև ԱՄՆ-ի և ամբողջ աշխարհի:

՛՛Սա իրականում շատ վտանգավոր շրջակայք է ձեր մի քանի հարևանների պատճառով։ Կցանկանայի, որ այս հարցին ԱՄՆ-ն ավելի ուշադրություն դարձներ։ Կցանկանայի, որ մենք ավելի օգտակար լինեինք, բայց այնտեղ երեք փոքր երկրներ են՝ շրջապատված մեկ մեծ երկրով և երկու խնդրահարույց երկրներով հարավից։

Կարծում եմ, որ ԱՄՆ-ի՝ դրսից ներկայությունն ավելացնում է տարածաշրջանային անվտանգությունը, քանի որ մենք սահմանափակված չենք աշխարհագրական առումով՛՛,-ասաց Բոլթոնը:

  • Կիսվել: