հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հադրութի շրջանի Մեծ Թաղեր համայնքի փողոցներից մեկն անվանակոչվել է զոհված ազատամարտիկ Ռուդիկ Աբրահամյանի անունով

Հադրութի շրջանի Մեծ Թաղեր համայնքի փողոցներից մեկն անվանակոչվել է զոհված ազատամարտիկ Ռուդիկ Աբրահամյանի անունով

Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում մայիսյան եռատոնը նշանավորվել է համայնքի փողոցներից մեկի անվանակոչությամբ: Այսուհետ պատից կախված ցուցանակը գյուղի մեծ ու փոքր բնակիչներին կպատմի Արցախյան պատերազմի մասնակից, մեծթաղլարեցի Ռուդիկ Աբրահամյանի մասին:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Մեծ Թաղերում այսօր համագյուղացիները ծաղիկներ են խոնարհել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշաքարին, ապա մասնակցել այդ առթիվ կազմակերպված միջոցառմանը, որը, Արցախում նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) համավարակի իրավիճակով պայմանավորված, անց է կացվել փոքր կազմով:
 
Իր խոսքում Մեծ Թաղեր համայնքի ղեկավար Անդրեյ Ալթունյանը, շնորհավորելով եռատոնի կապակցությամբ, ասել է, որ  մայիսի 9-ը առանձնահատուկ դեր ունի յուրաքանչյուր հայի կյանքում, քանզի այն խորհրդանշում է Մեծ հաղթանակի տոնը, Շուշիի ազատագրման և Պաշտպանության բանակի կազմավորման օրը: Նա տեղեկացրել է, որ սա արդեն թվով երրորդ փողոցի անվանակոչությունն է գյուղում:
Ա. Ալթունյանը նշել է, որ Ռ. Աբրահամյանն ակտիվորեն մասնակցել է Արցախյան շարժմանը: 1991 թ. ամրագրվել է ենթաշրջանի հետախույզների և սակրավորների ջոկատում: Զոհվել է 1992 թ.-ի ապրիլի 11-ին: Հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով: Ի դեպ, այս գաղափարը կյանքի է կոչվել «Արցախի հերոս», գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանի նախաձեռնությամբ:
 
Խոսելով նախաձեռնության մասին՝ միջոցառմանը ներկա Ա. Աղաբեկյանը նշել է, որ սա նաև պարտքի մատուցում է հայ ազատամարտիկներին, զինվորներին ու սպաներին: Ա. Աղաբեկյանը կարևորել է բոլոր զոհված նահատակների անուն առ անուն հիշատակումը և տեղեկացրել, որ առաջիկայում ծրագիրը կշարունակվի, իսկ համայնքի տարբեր փողոցներ կանվանակոչվեն համագյուղացի նահատակ այլ հերոսների անուններով:
 
Միջոցառմանը Մեծ Թաղեր համայնքի դպրոցականները հանդես են եկել հայրենասիրական երգերով ու ասմունքով:

  • Կիսվել: