կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Գյուղատնտեսության ոլորտում իրավիճակն օրեցօր բարդանում է. նախարար

Գյուղատնտեսության ոլորտում իրավիճակն օրեցօր բարդանում է. նախարար

Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղու փակման պատճառով Արցախը  հումանիտար ճգնաժամ է ապրում։

«Արցախպրես»-ի հաղորդմամբ` «Արցախ։ Շրջափակման մեկ ամիս» խորագրով Ստեփանակերտ-Երևան տեսակամուրջ-կոնֆերանսի ընթացքում այս մասին ասել է  Արցախի Հանրապետության Գյուղատնտեսության նախարար Հրանտ Սաֆարյանը։

«Պետության կողմից հսկայական ջանքեր են գործադրվում, որպեսզի խուսափենք անդառնալի հետևանքներից։ Ցավոք, իրավիճակն օրեցօր  բարդանում է, որովհետև բոլոր տեսակի ապրանքատեսակների պակաս կա, որոշներն էլ  շուկայում ընդհանրապես չկան։ Բանջարեղենի և մրգի խանութները վաղուց փակ են։ Պետք է նշենք, որ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ վարելահողերի և պտղատու այգիների  զգալի մասը մնացել է թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում։ Իհարկե, գյուղերում կան և մրգի, և բանջարեղենի որոշակի պաշարներ, բայց դա չի կարող  բավարարել 120 հազար բնակչության պահանջարկը»,-ներկայացրել է ոլորտի պատասխանատուն։

Ըստ նախարարի`  այս պահի դրությամբ գերատեսչությունը և Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը համակարգված աշխատում են ուժերի գերլարումով, որպեսզի հանրապետությունում պահուստային ֆոնդից տնտեսվարողներին տրամադրվող պարենամթերքը բաշխվի հավասարապես և ժամանակին։

«Հատկապես մեծ խնդիր է ստեղծում դիզվառելիքը, որի պակասը  կաթվածահար է արել գյուղատնտեսության ոլորտը։ Դադարեցված են գյուղատնտեսական բոլոր աշխատանքները։ Շրջափակման մեջ հայտնվելու առաջին օրերին ադրբեջանական կողմը դադարեցրել է նաև  գազամատակարարումը, որը նույնպես իր հերթին   վնաս է հասցրել գյուղատնտեսությանը։ Էլ չենք խոսում Հայաստանից մատակարարվող էլեկտրաէներգիայի անջատման մասին»,-շեշտել է նա։

Հ. Սաֆարյանը նշեց, որ այդ բոլոր քայլերն ուղղված են արցախահայությանը հիասթափեցնելուն  և Արցախը հայաթափելուն։

«Արցախում ապրող յուրաքանչյուր մարդ դա գիտակցում է։ Բայց նման քայլերը մեզ չեն ստիպի լքել մեր հայրենիքը։ Այո, իրավիճակը բարդ է, բայց  համոզված ենք՝ միասնաբար կարող ենք հաղթահարել այս ամենը»,-ընդհանրացրել է Հ. Սաֆարյանը։

  • Կիսվել: