շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Գլխավոր նպատակը մեր հավաքական վերադարձն է հայրենիք ու այնտեղ անվտանգ, արժանապատիվ ու ինքնիշխան կյանքը․ Բեգլարյան

Գլխավոր նպատակը մեր հավաքական վերադարձն է հայրենիք ու այնտեղ անվտանգ, արժանապատիվ ու ինքնիշխան կյանքը․ Բեգլարյան

Ազատության հրապարակում կայացել է տեղահանված արցախցիների հրավիրած հանրահավաքը:

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն ասել է, որ Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության պահանջներից մեկն այն է, որ Հայաստանի իշխանությունները բանակցությունների օրակարգում ներառեն նաև արցախցիների հավաքական վերադարձի հարցը, շեշտել, որ դա պատկերացնում են միայն այն դեպքում, երբ Արցախում կտեղակայվեն միջազգային դիտորդներ ՄԱԿ-ի մանդատով:

«Գլխավոր նպատակը մեր հավաքական վերադարձն է հայրենիք ու այնտեղ անվտանգ, արժանապատիվ ու ինքնիշխան կյանքը: Այստեղ նմանատիպ պահանջներ հնչելու են՝ ուղղված և՛ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, և՛ միջազգային հանրության ներկայացուցիչներին, որ ապահովեն մեր հավաքական վերադարձը», - ասաց Բեգլարյանը:

Լրագրողների հարցին՝ ի՞նչ պայմաններում են արցախցիները պատրաստ վերադառնալ իրենց տներ, Արցախի նախկին պետնախարարը պատասխանել է․

«Իմ պատկերացումն այն է, որ պետք է բացառել ուղղակի ադրբեջանական որևէ տիրապետություն, որովհետև այդ տիրապետությունը ցեղասպանական տիրապետություն է, ու պետք է լինեն միջազգային պաշտպանության բարձրագույն մեխանիզմներ, հնարավորինս միջազգային անվտանգության երաշխիքներ լինեն, ու մենք այնտեղ կարողանանք ինքնիշխան կյանք վարել:

Պատկերացնում եմ, որ պետք է Անվտանգության խորհրդի կողմից տրված մանդատով լիազորված խաղաղապահներ լինեն, որը նշանակում է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բոլոր անդամները պետք է դրան համաձայնություն տան»:

Տեղահանված արցախցիները նաև սոցիալական խնդիրների մասին են բարձրաձայնում, կացարանների ապահովման հարցը, բայց նրանք շարունակում են պնդել, որ իրենց համար առաջնահերթ է հայրենիք վերադառնալը. այնտեղ թողել են հարազատների շիրիմները, շեշտում են, որ նաև ունեցվածքն են կորցրել, տները:

Արցախցիներն անընդունելի են համարում Հայաստանի կառավարության ներկայացրած բնակարանային ապահովության ծրագիրը, որը դեռևս քննարկման փուլում է: Կառավարությունն առաջարկում է ամեն ընտանիքի յուրաքանչյուր անդամին 3 միլիոն դրամ տրամադրել բնակարան ձեռք բերելու համար, նրանք դա քիչ են համարում:

  • Կիսվել: