շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Ղարաբաղ Տելեկոմ»-ը նոր սեփականատեր ունի. որքա՞ն նոր ներդրում է կատարվել և ի՞նչ սպասել առաջիկայում

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը նոր սեփականատեր ունի. որքա՞ն նոր ներդրում է կատարվել և ի՞նչ սպասել առաջիկայում

Հետպատերազմական ժամանակաշրջանում «Ղարաբաղ տելեկոմ» ՓԲ ընկերությունում մասնավոր միջոցներից կատարվել է շուրջ 10 մլն ԱՄՆ դոլարի ներդրում: Ընկերության նոր սեփականատերը ՀՀ-ում գործող կապի օպերատորներից մեկի հետ ունի սերտ կապվածություն, սակայն օբյեկտիվ պատճառներով նրա անունը չի հրապարակվում:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Ղարաբաղ տելեկոմ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Մխիթար Միրզոյանը և ավելացրել, որ կատարված ներդրումների շնորհիվ, պատերազմից հետո գրեթե քայքայված ընկերությունն այսօր Արցախի բնակչության մոտ 90 տոկոսին ապահովում է 4G շարժական համացանցով:

Բնութագրությունը հասանալի չէ

«Հաջորդ փուլով նախատեսում ենք շարժական համացանցի ծածկույթով ապահովել բնակչությանը 100 տոկոսով, ինչպես նաև հիմնական մայրուղիները՝ Ստեփանակերտը շրջկենտրոնների և Հայաստանի Հանրապետության հետ կապող ճանապարհները»,- նշել է մեր զրուցակիցը:
Նրա խոսքով՝ հետպատերազմյան շրջանի խնդիրներից է թշնամու կողմից կապի պարբերաբար խափանումները, ինչից հնարավորինս խուսափելու համար ձեռք են բերվել նոր սարքավորումներ՝ բաժանորդներին հնարավորություն տալով համեմատաբար կայուն զանգեր կատարել և օգտվել շարժական համացանցից:
«Ներդրումների շնորհիվ մեծ առաջընթաց արձանագրվեց նաև GPON ցանցի միջոցով տրամադրվող ֆիքսված համացանցում, երկու անգամ ավելացան նրա ունակությունները: Միաժամանակ ընդլայնել ենք ցանցի ծածկույթը՝ հասցնելով նաև Ստեփանակերտ քաղաքի այն բնակիչներին, ովքեր ապրում են առանձնատներում: Այս գործընթացը շարունակական է: Մեծ ուշադրություն ենք դարձնում այդ ցանցի զարգացմանը նաև հանրապետության շրջաններում՝ բաժանորդներին տրամադրելով GPON համակարգով համացանց: Նախօրեին գործընթացն իրականացվել է Ճարտար քաղաքում, որտեղ միացումները սկսվել են, և բաժանորդներն օգտվում են ծառայությունից: Միաժամանակ, աշխատանքներ են տարվում նաև Ասկերան քաղաքում, Նորագյուղում, Հաթերքում և այլ բնակավայրերում»,- տեղեկացրել է գլխավոր տնօրենը:

Նրա խոսքով՝ վերջին շրջանում ընկերությունը բավականին շահավետ առաջարկներ է անում իր բաժանորդներին և սակագները համապատասխանեցրել է հայաստանյան օպերատորների հետ: «Ներդրել ենք և ունենք համարյա նույն փաթեթային սակագները, որ հայաստանյան օպերատորներն են առաջարկում իրենց բաժանորդներին: Ներկա պահին, բաժանորդագրվելով մեր որևէ սակագնային պլանի, բաժանորդը նույն սակագներից կարող է օգտվել նաև Հայաստանի տարածքում՝ առանց ռոումինգի: Սկսած «Միքս»/mix/ 2900 փաթեթից, մինչև՝ «Միքս» 7900, բաժանորդներն օգտվում են անվճար ծառայությունից»,- մանրամասնել է Միրզոյանը և հավելել, որ այդ հնարավորությունը դեռևս չունեն հետվճարային բաժանորդները, բայց աշխատանքներ են տարվում, որպեսզի նրանք նույնպես կարողանան օգտվել նորամուծությունից՝ գրանցվելով «Տելեկոմ Արմենիա» ցանցում:

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

«Ղարաբաղ տելեկոմ» ՓԲ ընկերության իրականացման և սպասարկման ենթաբաժնի ղեկավար Արտավազդ Սահակյանը մեզ հետ զրույցում նշել է, որ կատարված նոր ներդրումների արդյունքում իրականացվում են նաև 3G ցանցի շարժական համացանցի բարեփոխումներ հանրապետության շրջաններում:
 
«Այն գյուղերում, որտեղ 3G շարժական համացանցը շատ տարածված չի եղել, տեղադրվում են համապատասխան սարքավորումներ: Ներկա պահին ունենք բավականին ընդլայնված ցանց, և բաժանորդները կարողանում են օգտվել 4G ցանցի շարժական համացանցից: Եթե կան բաժանորդներ, ովքեր ինչ-որ պատճառով տեղյակ չեն կամ չեն կարողացել փոխել իրենց SIM քարտերը, ապա, ցանկացած սպասարկման կետում փոխարինելով դրանք, հնարավորություն կստանան օգտվել 4G շարժական համացանցից »,-ասել է Ա. Սահակյանը:
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
Ընկերության բաժանորդների սպասարկման ենթաբաժնի ղեկավար Իրինա Սարգսյանի խոսքով՝ մշակվել է նոր գնային քաղաքականություն, որը հնարավորություն է տալիս բաժանորդներին օգտվել շահավետ փաթեթներից, սակագնային պլաններից, որոնք ներառում են մեծ թվով րոպեներ, հաղորդագրություններ, շարժական համացանցի ծավալներ, ինչպես նաև հեռավոր բնակավայրերում տեղադրվել են բազմաթիվ վճարային տերմինալներ, որոնց շնորհիվ բաժանորդները կարող են վճարումներ կատարել օգտագործվող ծառայությունների դիմաց:
 
«Մշակվել է ընկերության պաշտոնական նոր կայք, որը շատ հարմար է օգտագործման համար, և որի միջոցով բաժանորդները շուտով հնարավորություն կունենան վճարումներ և գնումներ կատարել: Այսինքն կարող են մուտք գործել կայք և դրա միջոցով հեռախոսահամար պատվիրել, իսկ մենք կիրականացնենք առաքումը»,- ներկայացրել է նա՝ իրազեկելով նաև, որ «Միքս» սակագնային շրջանակներում բաժանորդները ներցանցային զանգերի դեպքում կարող են խոսել րոպեն 3 դրամով:

  • Կիսվել: