երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ֆրանսիայից ստացված աջակցությունը կուղղվի բռնագաղթված 250 ծանր վիրավորներին բուժելուն

Ֆրանսիայից ստացված աջակցությունը կուղղվի բռնագաղթված 250 ծանր վիրավորներին բուժելուն

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի գործընկերներին՝  բժշկական պարագաներից և դեղերից բաղկացած մարդասիրական օգնություն Հայաստան ուղարկելու համար։

«Այսօր մենք այստեղ ենք՝ դիմավորելու Ֆրանսիայի կողմից Հայաստանի Հանրապետությանը նվիրված դեղորայքի ու բժշկական պարագաների բեռը։ Ուզում եմ երախտագիտություն հայտնել Ֆրանսիայի մեր գործընկերներին ու բարեկամներին, ովքեր օգնում են մեզ՝ այս դժվար օրերը հաղթահարելու և հիվանդներին անհրաժեշտ բժշկական պարագաներով ապահովելու հարցում»,- «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ «Զվարթնոց» օդանավակայանում ընդունելով մարդասիրական բեռը՝ ասաց նախարարի տեղակալը։

Լենա Նունուշյանի հետ օդանավակայան էր մեկնել նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինին, ով իր խոսքում նկատեց, որ Ֆրանսիայից ստացված բժշկական պարագաները հնարավորություն կտան հոգալ 250 ծանր վիրավորների կարիքները։

«Ինչպես բոլորդ գիտեք, Լեռնային Ղարաբաղի 100 հազարավոր հայեր լքել են իրենց տներն ու հողերը։ Նրանք ստիպված են եղել հեռանալ։ Սա հումանիտար ողբերգություն է և շատ բարդ իրավիճակ։ Ֆրանսիան աջակցում է Հայաստանին և հայ ժողովրդին: Մենք հենց նոր Ֆրանսիայից ստացանք բժշկական պարագաներ, որոնք հնարավորություն կտան հոգալ 250 ծանր վիրավորների կարիքները, ինչպես նաև 40 բժշկական արկղ ՝ դեղորայքով և բժշկական սարքավորումներով։ Նման իրավիճակում, կարծում եմ, սա շատ կարևոր քայլ է»,- նշեց դեսպանը։

  • Կիսվել: