Ֆրանսիայի՝ Հայաստանին տրված մարդասիրական օգնության ծավալը հասել է 12,5 միլիոն եվրոյի. Կոլոնա
Մարդկային այս ողբերգության պայմաններում Ֆրանսիան անմիջապես ընդլայնեց իր մարդասիրական օգնությունը։ Այս մասին երեկ՝ հոկտեմբերի 3-ի երեկոյան, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան։
«Դուք, պարոն նախարար, կհիշեք, որ ես այս մասին արդեն խոսել եմ այս ամառ՝ օգոստոսին։ Իսկ վերջերս ԱԺ-ում ասացի, որ մեր աջակցությունը եռապատկվելու է, որպեսզի հարկադիր տեղահանվածներին հնարավոր լինի արժանապատիվ պայմաններում ընդունել։
Իսկ մեր օգնության ծավալն արդեն հասել է 12,5 միլիոն եվրոյի, որը փոխանցվելու է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, միջազգային կազմակերպությունների, Հայկական Կարմիր խաչի միջոցով կամ ուղղակիորեն կուղարկվի Հայաստանի առողջապահության նախարարություն»,- նշեց նախարարը։