կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Եվս մեկ ցեղասպանություն կարող է իրականացվել հայ ժողովրդի դեմ. Ադամ Շիֆ

Եվս մեկ ցեղասպանություն կարող է իրականացվել հայ ժողովրդի դեմ. Ադամ Շիֆ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆն իր թվիթերյան էջում տեսանյութ է հրապարակել՝ ԱՄՆ իշխանություններին կոչ անելով գործել՝ Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը վերջ դնելու համար:

Նա տեսաուղերձում ներկայացրել է Արցախում ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով, որ սննդամ,թերքի ու դեղերի բացակայության պատճառով մարդիկ են մահանում:

Շիֆի խոսքով՝ այդ հարցին հարկավոր է հրատապ լուծում տալ:

Նա նաև հիշեցրել է վերջերս Լաչինի միջանցքի արգելափակման հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում անցկացված նիստի մասին՝ շեշտելով, որ ՛՛դրան, սակայն, ոչինչ չհետևեց՛՛։

՛՛Մեզ հարկավոր է բանաձև, որը կպահանջի վերջ դնել միջազգային իրավունքի այս խախտմանը․․․ Եվ ԱՄՆ կառավարությունը, Բայդենի վարչակազմը պետք է շատ ավելին անեն։ Նրանք պետք է Ադրբեջանին զրկեն ռազմական օգնությունից։ Նրանք պետք է այնպես անեն, որ այս անօրինական շրջափակումն ավարտվի։ Մենք չպետք է որևէ գումար տրամադրենք Ադրբեջանին․․․ Մենք չենք կարող լռել: Վարչակազմը պետք է խոսի, պետք է գործի, ինչ-որ բան պետք է արվի, հակառակ դեպքում՝ ավելի շատ մարդիկ կմահանան՛՛,ասել է Շիֆը։

Կոնգրեսականը նաև հիշեցրել է Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի մասին, որի հետևանքով հազարավոր մարդիկ զոհվեցին։

՛՛Նրանք շարունակում են ռազմագերիներին պահել ապօրինաբար, միջազգային իրավունքի խախտումներով, նրանց դատապարտում են առանց պատճառի: Սրան պետք է վերջ դրվի՛՛, - ասել է Շիֆը:

Նա նաև շեշտել է, որ առաջին հերթին հարկավոր է դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը. ՛՛Ես խորապես անհանգստացած եմ, որ ևս մեկ ցեղասպանություն կարող է իրականացվել հայ ժողովրդի դեմ: Վարչակազմը պետք է գործի՛՛:

  • Կիսվել: