հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Եվրոպական նախաձեռնությամբ ընթացող քննարկումներում նկատում եմ փաստի անտեսում, որ կա Արցախի ժողովուրդ, որն ունի ինքնորշման իրավունք. ԱՀ ՄԻՊ

Եվրոպական նախաձեռնությամբ ընթացող քննարկումներում նկատում եմ փաստի անտեսում, որ կա Արցախի ժողովուրդ, որն ունի ինքնորշման իրավունք. ԱՀ ՄԻՊ

Ռուսական միջնորդությամբ տեղի ունեցող քննարկումներում տեսնում ենք ՛՛Լեռնային Ղարաբաղ՛՛ եզրույթը, ինչը եվրոպական հարթակների քննարկումներում չենք տեսնում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ նշելով, որ այդ հանգամանքը հարցեր է առաջացնում:

Նա, մասնավորապես, նշեց. ՛Պարզ է, եթե եվրոպական մակարդակում անգամ այդ համարձակության բացակայությունը կա կոնկրետ ֆիքսելու, որ խոսքը Լեռնային Ղարաբաղի եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մասին է, ապա Արցախի ժողովրդի շրջանում այդ անվստահությունը պետք է առաջանա այդ բանակցությունների շուրջ՛՛։

Հիշեցնենք, որ Բրյուսելում մայիսի 22–ին տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո, Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը օգտագործել էր ՛՛Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը՛՛ ապահովելու մասին ձեւակերպումը։

ԱՀ ՄԻՊ-ը նշեց, որ ինքը եզրակացրել է, որ եվրոպական նախաձեռնությամբ բանակցություններում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցն անտեսվում է։ Նա հայտնեց նաեւ, որ ինքն Արեւմուտքին կոչ է արել չանտեսել այն մարդկանց կամքը, որոնց ճակատագիրը որոշում են այսօր։

՛՛Արցախի ժողովուրդը ոչ թե Ղարաբաղի էթնիկ հայ բնակչությունն է, այլ Արցախի Հանրապետության պետականակիր ժողովուրդը։ Ժողովուրդը, որը 1991 թվականին ստեղծել է պետություն, հռչակել է անկախություն եւ կրում է այն։

Ես եվրոպական նախաձեռնությամբ ընթացող քննարկումներում նկատում եմ դիտավորյալ կամ ոչ դիտավորյալ փաստի անտեսում, որ կա Արցախի ժողովուրդ, որն ունի ինքնորշման իրավունք։ Վերջին երկու հայտարարությունները վկայում են, որ եվրոպական հարթակի քննարկումներում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցում բավականին մեծ բացթողումներ կան։

Այո, մենք կողմնակից ենք, որ հակամարտությունը համապարփակ լուծում ստանա, եւ այդ լուծման մեջ պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը։ Տարբեր ժամանակների բանակցություններում հայկական կողմը միշտ առաջնորդվել է համապարփակ կարգավորման սկզբունքով եւ այսօր էլ մեզ համար դա ընդունելի է։

Ինչ վերաբերում է ՛՛ժողովուրդ՛՛ բառի փոխարեն միտումնավոր բնակչություն բառ օգտագործելուն, ապա այստեղ են թաքնված այն բացասական մեսիջները, որոնք ստանում են եվրոպական հարթակներում տեղի ունեցող քննարկումներից։ Ե՛վ Եվրոպայում, ե՛ւ ԱՄՆ-ում պետք է հասկանան, որ անհնար է անտեսել մարդկանց, ում ճակատագիրը որոշում ես՛՛,-ասաց Ստեփանյանը:

Նրա խոսքով՝ պետք է առաջնորդվել այն սկզբունքով, որ Արցախի ժողովուրդը երբեւէ որեւէ կարգավիճակով չի լինելու Ադրբեջանի կազմում։

ԱՀ ՄԻՊ-ը նաեւ նշեց, որ շատ վատ է, որ տարբեր հարթակներում տեղի ունեցող քննարկումներում Արցախի ձայնը որպես առանձին կողմ չի լսվում։ ՛՛Մատների վրա կարող ենք հաշվել հակամարտություններ, որտեղ հակամարտություն կրողը ներկայացված չէ բանակցություններում, սա աբսուրդ է, պետք է գանք այն կետին, որ Արցախի ժողովրդի ներկայացուցիչները մասնակցեն իրենց ժողովրդի ճակատագրի որոշման բանակցություններին՛՛,-ասաց նա:

 

 

  • Կիսվել: