հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Եվրապատգամավորների կարծիքով՝ Բրյուսելը կարող է ավելին անել Արցախի հումանիտար խնդիրների լուծման համար

Եվրապատգամավորների կարծիքով՝ Բրյուսելը կարող է ավելին անել Արցախի հումանիտար խնդիրների լուծման համար

Արցախի շրջափակումը «անօրինական է, դաժան եւ հակասում է Բաքվի հայտարարություններին, թե տարածքը պատկանում է Ադրբեջանին»։ Այս մասին POLITICO-ին ասել է Եվրախորհրդարանի պատգամավոր եւ Եվրախորհրդարանի անվտանգության եւ պաշտպանության ենթակոմիտեի նախագահ, ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն։

«Հիմա մոտենում է հումանիտար աղետը, ի՞նչ են անում ռուս խաղաղապահները Լաչինի միջանցքում։ Ոչինչ,- ասել է Լուազոն,- միջազգային հանրությունը պետք է գիտակցի, որ Ռուսաստանը խաղաղարար չի եղել, այլ երկարացրել է հակամարտությունը Հարավային Կովկասում եւ այլեւս հուսալի խաղացող չէ»։ Նա նաեւ նշել է, որ ԵՄ-ը Ադրբեջանից էներգիայի խոշոր գնորդ է։ «Դա մեր ձայնը կարեւոր է դարձնում։ Մենք չպետք է շեղվենք համամարդկային արժեքների պաշտպանությունից։ Եթե մենք դա չանենք, ո՞վ է անելու»։

Եվրախորհրդարանի «Կանաչներ/Եվրոպական ազատ դաշինք» խմբի պատգամավոր Մարկետա Գրեգորովան ավելի հեռուն է գնացել՝ հայտարարելով POLITICO-ին. «Մենք կարող էինք ավելի կարեւոր դեր խաղալ բանակցությունների գործընթացում»։

«Հաշվի առնելով, որ մենք տնտեսական եւ այլ հարաբերություններ ունենք երկու երկրների հետ, կան միջոցներ, որոնցով կարող ենք նրանց համոզել, բայց մենք դրանք չենք օգտագործում։ Նա ավելացրել է, որ Եվրախորհրդարանում գոյություն ունի ընդհանուր պատկերացում, որ անհրաժեշտ է ավելին անել։ «Բայց մենք մի փոքր կախված ենք նրանից, թե ինչ կորոշեն Եվրահանձնաժողովը եւ Եվրոպական խորհուրդը»։

Գրեգորովայի խոսքով՝ անցած ամռանը Բրյուսելի եւ Բաքվի միջեւ ստորագրված համաձայնագիրը բնական գազի ներմուծումն ավելացնելու մասին՝ ռուսական մատակարարումներից կախման նվազեցման ֆոնին, խափանել է ԵՄ ճնշում գործադրելու ունակությունը։ «Հաշվի առնելով Ադրբեջանից ստացվող գազի վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը՝ պարզ է, որ այն ազդեցություն է գործում, եւ արձագանքը շատ ավելի թույլ ու դանդաղ էր»։

  • Կիսվել: