հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Եթե ընդունեինք սահմանադրական փոփոխությունները, պատմության մեջ կգրեին՝ ընդունեցին մեկ մարդու համար. Արթուր Թովմասյան

Եթե ընդունեինք սահմանադրական փոփոխությունները, պատմության մեջ կգրեին՝ ընդունեցին մեկ մարդու համար. Արթուր Թովմասյան

Եթե մենք ընդունեինք սահմանադրական փոփոխությունները, մենք պատմության մեջ մտնելու էինք հետեւյալ կերպ, որ Արթուր Թովմասյանի գլխավորությամբ Արցախի ԱԺ-ն Սահմանադրություն է գրել այսինչ մարդու համար: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 23-ին, Արցախի Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

«Տարածաշրջանում չկա մի Սահմանադրություն, որ անձի հետ չեն կապել: Մենք մինչեւ 2006 թվականն ապրել ենք առանց Սահմանադրության: Այսօր բոլորիս մտահոգությունը նույնն է, որ Արցախի նախագահը հրաժարականի դեպքում ցրվում է նաեւ խորհրդարանը, եւ ընդհակառակը, եւ մենք մեր սուբյեկտայնությունը կորցնում էինք»,-ասաց նա:

Անդրադառնալով Արցախի Գերագույն դատարանի որոշմանը, որը սահմանադրական էր ճանաչել Սահմանադրական փոփոխությունների փաթեթը, Արթուր Թովմասյանն ասաց. «Ես հարգում եմ Գերագույն դատարանի որոշումը, բայց 50/50 էր: Եթե մենք մարդուն դիտում ենք որպես գերագույն արժեք, եթե մենք մարդասեր ենք, ապա տվյալ մարդուն ձայնի իրավունքից չպետք է զրկենք: Ես սպասում էի, որ նախագիծը այդ առումով կարող է ճանաչվել հակասահմանադրական: Մարդուն զրկել ձայնի իրավունքից, ժողովրդավարական պետությունում ի՞նչ է, եթե հակասահմանադրական չէ:

Ես հարգում եմ Գերագույն դատարանի որոշումը, բայց այս առումով մեր հիմնական ձեռքբերումը ժողովրդավարությունն է: Եթե մենք այստեղ էլ բռնապետական երկիր լինենք, միջազգային հանրության համար մեկ կլիներ, թե բռնապետական Արցախն ում կազում կլինի՝ բռնապետական Ադրբեջանի, թե եսիմ ում: Մեր հիմնական ձեռքբերումները մեր համապետական ընտրություններն են, Հանրաքվեն պետք է լինի տոն օր: ԱԺ-ն չունի այն ներուժը, որ մենք կկարողանայինք այդ օրենքի հոդվածները փոխելու: Ես մտավախություն ունեի հանրաքվեի օրը հայտարարելու»:

Նշենք, որ այսօր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը դիմել է Արցախի ԱԺ նախագահին՝ Սահմանադրության փոփոխության նախագիծը վերադարձնելու նպատակով՝ այն հանելով շրջանառությունից:

  • Կիսվել: