հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Եթե Հայաստանն ու ԼՂ-ն 1989-ին վերամիավորվել են, 1991-ին ումի՞ց է անկախացել Լեռնային Ղարաբաղը. Նիկոլ Փաշինյան

Եթե Հայաստանն ու ԼՂ-ն 1989-ին վերամիավորվել են, 1991-ին ումի՞ց է անկախացել Լեռնային Ղարաբաղը. Նիկոլ Փաշինյան

1989-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը եւ ԼՂԻՄ մարզային խորհուրդը որոշում են կայացրել ԼՂԻՄ-ի եւ Հայաստանի վերամիավորման վերաբերյալ. 1990-ին Հայաստանն ընդունել է անկախության հռչակագիր՝ հղում անելով նաեւ այդ որոշմանը, իսկ 1991-ին ԼՂ-ն հայտարարել է անկախություն, ումի՞ց է հայտարարել այդ անկախությունը: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե արդյոք Սահմանադրության խախտում չէ, երբ Հայաստանը Բրյուսելում պայմանավորվել է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում՝ հաշվի առնելով, որ հայաստանի Գերագույն խչհուրդը որոշում է կայացրել, որ Արցախի կարգավիճակը հայ ժողովրդի տեւական իղձերից ու նպատակներից մեկն է, իսկ Սահմանադրությունն իր ուժը ստանում է նաեւ ԳԽ որոշումից եւ անկախության հռչակագրից:

Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց. «Տարբերակ առաջին՝ ԼՂ-ն անկախություն հայտարարել է Հայաստանից: Եթե այդ տարբերակն է, ԳԽ որոշումը խախտվե՞լ է, թե ոչ: Եթե խախտվել է, ինչու խախտողները պատասխանատվության չեն ենթարկվել: Եթե անկախացել է Ադրբեջանից, ապա Անկախության հռչակագիրը եւ ԳԽ-ի եւ մարզխորհրդի որոշումը խախտվե՞լ է, թե չի խախտվել: Եթե վերամիավորվել ենք Հայաստանի հետ, ումի՞ց ենք անկախություն հռչակում:

Գնանք առաջ. 1995-ին ՀՀ-ն ընդունել է Սահմանադրություն հանրաքվեով, 1997-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը հրապարակել է իր «Պատերազմ, թե խաղաղություն. Լրջանալու պահը» հոդվածը, որտեղ ասել է, որ ԼՂ անկախության հարցում մենք բարեկամներ չունենք եւ ըստ էության, ասել է, որ դա հնարավոր չէ: Հարց. Այդ դեպքում ԳԽ որոշումը, Անկախության հռչակագիրը, Սահմանադրությունը խախտվել են, թե ոչ:

Հաջորդը, 1998-ին տեղի է ունեցել իշխանափոխություն, եւ Հայաստանը բանակցային գործընթացից դուրս է թողել ԼՂ-ին, որից հետո որպես բանակցությունների հիմք ընդունվել է «ընդհանուր պետություն» տարբերակը, որտեղ արձանագրված է, որ ԼՂ-ն ինչ-որ տիպի մեղավոր է Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Սրանով Սահմանադրությունը խախտվե՞լ է, թե չի խախտվել:

Դրանից հետո քննարկվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածքների փոխանակման բանակցային փաթեթը, որը հրապարակված է՝  Մեղրիի շրջանը հանձնելու դիմաց ստանալ Լեռնային Ղարաբաղը: Սա Սահմանադրության խախտում է, թե ոչ:

Դրանից հետո ընդունվել են մադրիդյան սկզբունքները, որի առանցքային դրույթներից մեկը այն է, որ ԼՂ կարգավիճակի ճշգրտման հարցը պետք է համաձայնեցվի Ադրբեջանի հետ՝ ապագայում տեղի ունենալիք հանրաքվեով: Հարց. Սահմանադրությունը եւ ԳԽ որոշումը խախտվել է, թե ոչ: Որովհետեւ եթե անցյալում ըստ մեր նարատիվի հանրաքվե է տեղի ունեցել եւ կարգավիճակը ճշգրտվել է, ապագայում ի՞նչ հանրաքվե է տեղի ունենալու: Ապագայում հանրաքվեի մասին համաձայնությունը զրոյացրել է արդեն տեղի ունեցած հանրաքվեն:

Հաջորդը, ասվում է, որ պոտենցիալ հանրաքվեն չի կարող սահմանափակել ԼՂ որեւէ կարգավիճակ: Սա նշանակում է, որ այդ համաձայնությամբ ԼՂ-ն կարող էր լինել նաեւ Ադրբեջանի մաս, ընդ որում, Ադրբեջանի կազմում առանց որեւէ կարգավիճակի: Հիմա այդ սկզբունքն ընդունելով 1989-ի ԳԽ որոշումը, Անկախության հանրաքվեն, Սահմանադրությունը խախտվե՞լ է, թե չի խախտվել:

Հաջորդը, երբ որ ասվել է, որ հանրաքվեն պետք է տեղի ունենա կողմերի՝ Հայաստանի եւ Ադրբեջանի,  միջեւ համաձայնեցված ժամկետներում: Եթե մենք Ղարաբաղը չենք համարում Ադրբեջանի մաս, ինչու ենք ժամկետները Ադրբեջանի հետ համաձայնեցնում: Դրանով Սահմանադրությունը խախտվե՞լ է, թե չի խախտվել»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ վերջերս իր հարցազրույցներից մեկի ժամանակ եւս մեկ հանգամանքի մասին բացահայտել է ՀՀ նախագահի նախկին խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը. «Նա ասաց, որ Ադրբեջանի դիրքորոշումը եղել է այն, որ որեւէ հանրաքվե պետք է լինի ոչ թե անհատական, այլ համայնքային հանրաքվե: Այսինքն որոշումը պետք է կայացվի ոչ թե նրանով, թե քանի հոգի է այս կամ այն որոշման օգտին քվեարկել, այլ Ղարաբաղի հայ համայնքը ինչին է կողմ կամ դեմ քվեարկել, եւ ադրբեջանական համայնքը ինչին է կողմ կամ դեմ քվեարկել: Եվ եթե եւկու համայնքները նույնկերպ են քվեարկում,  որոշումը համարվում է կայացված: Եթե նույնկերպ չեն քվեարկում, որոշումը համարվում է չկայացած: Այստեղ չեմ կարող պնդել, որ հայկական կողմը դրան համաձայնել է, բայց  այնուամենայնիվ, փաստ է, որ հայկական կողմը համաձայնել է  ԼՂ ադրբեջանական համայնքի քվեարկելու  իրավունքի վերաբերյալ: Կարելի է այս շարքը էլի երկար թվարկել»:

  • Կիսվել: