չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
«Ես 4,5 տարեկան աղջկաս խոստացել էի, որ այսօր կվերադառնամ». Արտակ Բեգլարյանը ևս չի կարողանում Արցախ վերադառնալ

«Ես 4,5 տարեկան աղջկաս խոստացել էի, որ այսօր կվերադառնամ». Արտակ Բեգլարյանը ևս չի կարողանում Արցախ վերադառնալ

Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում լուսանկար է հրապարակել դստեր՝ 4,5-ամյա Նանեի հետ և գրառում արել

«Մի քանի օր առաջ եկել էի Երևան՝ կրթական ու աշխատանքային միջոցառումների:

4.5 տարեկան աղջկաս՝ Նանեին խոստացել էի, որ այսօր կվերադառնամ տուն, իսկ ես ամեն ինչ անում եմ, որ հատկապես իրեն տված խոստումներս կատարեմ:

Այսօր զանգով խոսեցինք, երբ ասացի, որ չեմ կարող վերադառնալ, սկսեց լացել ու հարցրեց, թե ինչու խոստումս չեմ կատարում: Պատասխանեցի՝

- Ադրբեջանցիները փակել են ճանապարհը, որ դու ու քեզ նման շատ երեխաներ լացեք և մենք իրար շատ կարոտենք:

- Պետք է ծեծենք ու հեռու քշենք դրանց,- վճռականորեն պատասխանեց Նանեն...

Կյանքում շատ է կոփվել սիրտս կարոտի մամլիչի տակ, բայց նույնիսկ այդ պարագայում այս կարոտը բացառիկ է՝ լեցուն պատասխանատվության զգացողությամբ»։

Հիշեցնենք, որ, քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ, որոնք ներկայացել են իբր բնապահպաններ, դեկտեմբերի 12-ի առավոտյան փակել են Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհը։ Նրանք տարածքում՝ հենց Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին, վրաններ են տեղադրել։

  • Կիսվել: