ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Երեխաներն ուզում են դուրս գալ գյուղից, համալսարան ընդունվել»․ երկկողմանի շրջափակման մեջ հայտնված Լիսագորի գյուղապետ

«Երեխաներն ուզում են դուրս գալ գյուղից, համալսարան ընդունվել»․ երկկողմանի շրջափակման մեջ հայտնված Լիսագորի գյուղապետ

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի եւ Հակարի կամրջի արգելափակման հետեւանքով երկկողմանի շրջափակման մեջ հայտնված Լիսագոր գյուղի միջնակարգ դպրոցն այս տարի ունի երեք շրջանավարտ՝ մեկ աղջիկ, երկու տղա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց գյուղապետ Գագիկ Նասիբյանը։

«Երեխաներ են, երիտասարդներ են բոլորն ուզում են դուրս գալ գյուղից, համալսարան ընդունվել, սովորել բայց հիմա գյուղից դուրս գալու հնարավորություն չունեն։ Չգիտենք՝ ինչ կլինի»,- ասաց նա։

Գյուղում դեղորայքի եւ առաջին անհրաժեշտության պարագաների պակասը չի զգացվում, սակայն սնունդն արդեն ավարտվում է։

«Մեր հաշվարկով՝ տասն օրվանից կսպառվի մեր ունեցած սնունդը, բայց հույս ունենք՝ ռուս խաղաղապահները նորից մեզ պաշարներ կհասցնեն։ Մեր մշակած որոշ բանջարեղեններից եւ մրգերից կարողանում ենք օգտվել, բայց շուտով հնարավոր է ալյուրի խնդիր ունենա։ Մի քանի օր առաջ մանկական կերի խնդիր էր առաջացել»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին ադրբեջանական աղբյուրները տարածեցին տեսանյութեր՝ ներկայացնելով, թե արցախցիներն «ազատ» օգտվում են Հակարիի կամրջին տեղադրված ադրբեջանական անցակետից։

Նասիբյանի խոսքով՝ դրանից հետո Լիսագորի որեւէ բնակիչ չի անցել այդ անցակետով, Գորիսում մնացած լիսագորցիներ էլ այլեւս չկան․ «Մարդիկ չեն ուզում գնալ անցակետով, մտավախություններ ունեն, վտանգը շատ մեծ է, հասկանում են, որ ամեն պահի բան կարող է փոխվել, դրա համար էլ չեն գնում»

Մայիսի 5-ին խաղաղապահների միջնորդություն սնունդ եւ դեղորայք էին հասցվել շրջափակման մեջ հայտնված համայնքներ։ Նասիբյանի հաշվարկով՝ դրանք իրենց գյուղին կբավականացնեն մոտ մեկ ամիս։

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները եւ շարունակաբար ապատեղեկատվություն տալով Հայաստանից Արցախ զենքի տեղափոխության վերաբերյալ, ապրիլի 23-ին փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը:

Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է Լաչին (Բերձոր)-Ստեփանակերտ ճանապարհին  ստուգիչ անցագրային կետի տեղակայման մասին։

  • Կիսվել: