հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ԵՄ-ից ակնկալում ենք կոնկրետ քայլեր, որոնք կկասեցնեն Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը. Արցախի ՄԻՊ

ԵՄ-ից ակնկալում ենք կոնկրետ քայլեր, որոնք կկասեցնեն Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը. Արցախի ՄԻՊ

Եվրամիությունը, լինելով մարդու իրավունքների և ազատությունների վրա հիմնված կառույց, իրավունք չունի լռել այն հանցագործությունների մասին, որը իրականացնում է Ադրբեջանն Արցախի նկատմամբ:

Նման տեսակետ է հայտնել Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Հայաստանում Եվրամիության պատվիրակության գրասենյակի դիմաց իրականացված բողոքի ակցիայի ժամանակ:

Նա ընդգծել է, որ ՀՀ-ում տարբեր երկրների դեսպանատների մոտ իր նախաձեռնած ակցիաների նպատակն է հասնել միջազգային հանրության կողմից Ադրբեջանի սադրանքների հասցեական դատապարտմանը, մղել գործնական քայլերի՝ ուղղված Արցախի առաջ ծառացած հումանիտար ճգնաժամի հաղթահարմանը։

«Եվրամիությունը, որն աշխարհում մարդու իրավունքների և ազատությունների վրա հիմնված կառույց է, ինչքանով որ մենք գիտենք, որովհետև այդպես է ԵՄ-ն ներկայանում աշխարհին, այսօր իրավունք չունի լռել այն հանցագործությունների, այն հանցավոր քաղաքականության մասին, որը վարում է Ադրբեջանն Արցախի նկատմամբ»,- հայտարարել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

Նա ընդգծել է՝ Եվրամիությունից ակնկալում են ոչ միայն հայտարարություններ, չեզոքություն, այլ կոնկրետ քայլեր, որոնք կկասեցնեն Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության շարունակականությունը։

«Եվրոպական միությունը պետք է հասկանա, որ այսօր Արցախում 120 000-ից ավելի մարդ պատանդի կարգավիճակում է հայտնվել Ադրբեջանի քմահաճույքների պատճառով։

Եվրոպական միությունը, որն այսօր մասնակցում է հակամարտության կարգավորման գործընթացին, համենայնդեպս, ջանքեր է ներդնում, պետք է հասկանա, որ, չեզոքություն պահելով, ուղղակի նպաստում է, որ Արցախի ժողովրդի իրավունքներն ամենօրյա ռեժիմով խախտվեն»,- ընդգծել է Արցախի ՄԻՊ-ը։

  • Կիսվել: