երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Էթնիկ զտում. թուրք լրագրողը՝ ԼՂ-ում տեղի ունեցածի մասին

Էթնիկ զտում. թուրք լրագրողը՝ ԼՂ-ում տեղի ունեցածի մասին

Ավտոշարասյունները մղոններ էին ձգվում լեռնանցքների երկայնքով, քանի դեռ շարունակվում էր հայերի զանգվածային արտագաղթը Լեռնային Ղարաբաղից, որը հիմնականում հայ բնակչությամբ անկլավ էր, որը պաշտոնապես Ադրբեջանի մաս էր կազմում: Այս մասին "Ալ-Monitor" ամսագրի իր հոդվածում գրում է թուրք լրագրող Ամբերին Զամանը:

"Արեւմտյան առաջնորդները ոչինչ չարեցին դա կանգնեցնելու համար։ Իրենց հետ վերցնելով շատ քիչ իրեր՝ ավելի քան 100,000 մարդ, որը գրեթե երեք անգամ գերազանցում է Լիխտենշտեյնի բնակչությունը, փախավ վիճարկվող տարածաշրջանից, որտեղ հայերն ապրում էին հազարամյակներ, մինչև Ադրբեջանը նրանց 9 ամիս սովամահ անելուց հետո հարձակվեց նրանց վրա սեպտեմբերի 19-ին, այսպես կոչված, ՛՛հակաահաբեկչական գործողության՛՛ րջանակներում:

Երկու շաբաթից էլ պակաս ժամանակահատվածում ողջ բնակչության արդյունավետ էթնիկ զտումը նշանավորեց Խորհրդային Միության փլուզումից ի վեր Հարավային Կովկասում քաղաքացիական բնակչության ամենամեծ տեղաշարժերից մեկը և սեյսմիկ մասշտաբների աշխարհաքաղաքական տեղաշարժը, որն ուժեղացնում է Թուրքիան, թուլացնում Իրանը և վտանգի տակ դնում Հայաստանի երիտասարդ ժողովրդավարությունը:

Թղթի վրա Ադրբեջանը հայերին չի հրամայել հեռանալ։ Որպեսզի կասկած չլինի, Բաքվի լավ կարգավորված քարոզչամեքենան սոցիալական ցանցերը ողողել է ադրբեջանական ուժերի լուսանկարներով, որոնք Հայաստանի հետ սահմանը հատելիս շոկոլադ են բաժանում հենց այն երեխաներին, որոնց նրանք ամիսներ շարունակ զրկում էին ամենատարրական սննդից:

Չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանի իշխանությունները մերժել են էթնիկ զտումների մասին հայտարարությունները՝ պնդելով, որ իրենց ուժերը հարվածներ են հասցրել ՛՛օրինական ռազմական թիրախներին՛՛, սկսել են ականատեսների վկայություններ հայտնվել բռնաբարությունների և անխտիր գնդակոծությունների մասին, որոնց հետևանքով վիրավորվել և սպանվել են երեխաներ՛՛,-գրում է Զամանը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: