երկուշաբթի, օգոստոս 8
8 / 8 / 2022
Դումանյանը ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալի հետ հանդիպմանը խոսել է ԱՀ՝ Ադրբեջանին անցած տարածքներում պատմամշակութային ժառանգության մասին

Դումանյանը ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալի հետ հանդիպմանը խոսել է ԱՀ՝ Ադրբեջանին անցած տարածքներում պատմամշակութային ժառանգության մասին

ՅՈՒՆԵՍԿՕ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցության 30-ամյակի միջոցառմանը մասնակցելու նպատակով Փարիզ կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակույթի հարցերով տեղակալ Էռնեստո Օտտոնեի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, Վահրամ Դումանյանը շնորհակալություն է հայտնել Էռնեստո Օտտոնեին հանդիպման, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ մշտական և շարունակական արդյունավետ համագործակցության համար: Նախարարը վստահություն է հայտնել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ մշակույթի ոլորտում առկա փոխշահավետ համագործակցությունը կշարունակվի ընդլայնվել և կնպաստի նոր նախաձեռնությունների և գաղափարների իրականացմանը։

«Հայաստանը՝ որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի անդամ, կշարունակի նպաստել Կազմակերպության ռազմա­վարության ձևավորմանը և դրա արդյունավետ կյանքի կոչմանը: Մենք հավատարիմ ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատին՝ առաջ մղելու համամարդկային արժեքները՝ խրախուսելով խաղաղության մշակույթը և ամրապնդելով հանդուրժողականությունն ու համերաշխությունը»,- նշել է Վահրամ Դումանյանը:

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում նախարար Վահրամ Դումանյանն Արցախի մշակութային ժառանգության պահպանության ոլորտում առկա համագործակցության համատեքստում անդրադարձել է Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող հայկական պատմամշակութային ժառանգության պաշտպանության հարցին:

«Հայաստանն ի սկզբանե իր աջակցությունն է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի նախա­ձեռ­նությանը՝ Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ փորձագիտական առաքելություն ուղարկե­լու առնչությամբ և այս ընթացքում կառուցողական կերպով ներգրավված է եղել այդ առաքելության հնարավորինս արագ գործուղման գործընթացում։ Մենք լիահույս ենք, որ Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեխնիկական առաքելությունը կիրականացվի 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի շրջանակում և շա­հագրգիռ կողմերի մասնակցությամբ, ինչ­պես նաև այ­ցելության ընթացքում հավասար թվաքանակով հայ­կական և ադրբեջանական մշակութային հուշար­ձաններ այցելելու պայմանի պահպանմամբ։ Ցավոք սրտի, մինչ օրս մենք ականատես ենք լինում Ադրբեջանի կողմից շարունակաբար իրականացվող վայրագություններին և հայկական մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացմանը, վանդալիզմի, բարեկարգման կամ այլ ձևակերպումների անվան տակ կոթողների այլափոխման նորանոր դեպքերին: Նման իրավիճակում առաքելության շուտափույթ իրականացումը դառնում է առավել կենսական»,- ասել է Վահրամ Դումանյանը:

Նշվում է, որ, ի պատասխան՝ Էռնեստո Օտտոնեն նշել է, որ այդ ուղղությամբ համապատասխան աշխատանքներ են իրականացվում:

Նախարար Վահրամ Դումանյանը շեշտել է նաև, որ հայկական կողմը մեծ ակնկալիքներ ունի սեպտեմբերին Մեքսիկայում կայանալիք ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային քաղաքականության և կայուն զար­գացման համաշխարհային համաժողովից (MONDIACULT), որին վստահաբար հայկական կողմն իր մասնակցությունը կունենա։

«Հիրավի խորհրդանշական է, որ 40 տարվա ընդմիջումից հետո MONDIACULT-ը կրկին տեղի կունենա Մեխիկոյում։ Հավատացած ենք, որ այդ համաժողովը կընձեռի ոլորտում համագործակցության նոր հնարավորություններ»,- ընդգծել է նախարարը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ իրականացվող համատեղ ծրագրերին, ինչի վերաբերյալ նախարարը հույս է հայտնել, որ արդյունավետ համագործակցությունը կլինի շարունակական՝ միասին հասնելով նոր արդյունքների:

Հանդիպման ավարտին ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը Էռնեստո Օտտոնեին է նվիրել Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի հրատարակությամբ «Ալեքսանդր Սպենդիարյան» երկլեզու պատկերագիրքը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ հրատարակված, և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի հրատարակած «Արցախի ձեռագրական ժառանգությունը» անգլերեն պատկերագիրքը: Նախարարն այդ գրքերից մեկական օրինակ էլ խնդրել է փոխանցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին:

Հոբելյանական միջոցառման կապակցությամբ հունիսի 7-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի փարիզյան կենտրոնակայանում տեղի կունենա հոբելյանական համերգ։ Համերգային ծրագրում հանդես կգան ֆրանսահայ հանրահայտ կատարողներ Պատրիկ Ֆիորին և Անդրե Մանուկյանը, ինչպես նաև հայաստանցի երաժիշտներ Արթուր Գրիգորյանը, Արմեն Պուչինյանը, Անի Մելիքյանը։

  • Կիսվել: