ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Չնայած շրջափակման դժվարություններին՝ Արցախի ժողովուրդը հավատարիմ է ինքնորոշման իրավունքի իրացման իր ուղուն.արտգործնախարար

Չնայած շրջափակման դժվարություններին՝ Արցախի ժողովուրդը հավատարիմ է ինքնորոշման իրավունքի իրացման իր ուղուն.արտգործնախարար

Արցախը շարունակելու է իր պայքարը՝  իր ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման ուղղությամբ:

Այս մասին՝ այսօր մարտի 23-ին կայացած հեռուստակամրջի ընթացքում նշել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է Ստեփանակերտը տեսնում խնդրի լուծումը և ինքնորոշման համար պայքարը, երբ  Ռուսաստանը և Արևմուտքն  այդ մասին չեն խոսում, իսկ Ադրբեջանը հայտարարում է ինտեգրացիայի մասին: 

Արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը շեշտել է, որ վերջինս բացառված է և այդ  առումով Արցախի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումը հայտնի է: 

«Հաշվի առնելով, որ երկար տարիներ Մինսկի խմբի շրջանակներում ընթանում են բանակցություններ և երեք խոշոր գերտերություն, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ՝  ՌԴ-ն, ԱՄՆ-ն, Ֆրանսիան երկար տարիներ ուղեկցում էին այս բանակցային գործընթացը, մեր համոզմամբ նրանք մինչ օրս պարտավորություն էին կրում ստեղծված իրավիճակի համար և 44-օրյա պատերազմի հետևանքների մասով: Ամեն մեկն այս երկրներից ունի իր պատասխանատվության բաժինը, հաշվի առնելով, որ բազմիցս տարբեր մակարդակններում և այդ թվում՝ ամենաբարձր, այդ երկրները հնչեցրել են հայտարարություններ, որ պատերազմը չունի ռազմական լուծում: Սակայն Ադրբեջանը սանձազերծել է  44-օրյա պատերազմը, իսկ դրանից  հետո  Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպմանն Ադրբբեջանի նախագահը հայտարարել էր, որ չնայած ձեր հայտարարություններին, ռազմական ճանապարհով եմ լուծել խնդիրը»,-ասել է արտգործնախարարը՝ հավելելելով, որ այն պարագայում, երբ  հայկական կողմերն այդ բանակցային ձևաչափում իրականում տրամադրված էին համապարփակ կարգավորում գտնելուն, Ադրբեջանն այդ ընթացքում շարունակում էր այլ ուղղությամբ շարժվել՝ օգտագործելով այդ տարիները ռազմական ճանապարհով հարցի լուծմանը հասնելու համար:

«Չնայած շրջափակման պատճառով ստեղծված այս բոլոր դժվարություններին, Արցախի ժողովուրդը հավատարիմ է իր ընտրած ճանապարհին և գործադրելու է բոլոր ջանքերը և ակնկալում է աշխարհասփյուռ մեր բոլոր հայրենակիցների, գործընկերների ակտիվ մասնակցությունն այս պայքարում»,- եզրափակել է Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

  • Կիսվել: