Չնայած շինանյութի սղությանը՝ Իվանյանում կառուցվող շենքերի մի մասը նախատեսվում է շահագործման հանձնել այս տարի
Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի վարչական տարածքում կառուցվող 20 եռահարկ շենքերում շինարարական աշխատանքները, չնայած սուղ միջոցներին, շարունակվում են:
«Արցախպրես»-ն այցելել է շինհարթակ և տեղում ծանոթացել աշխատանքների ընթացքին։
Կայքի հետ զրույցում Արցախի Հանրապետության Քաղաքաշինության նախարարի տեղակալ Արամ Գասպարյանը նշել է, որ շենքերից 10-ը նախատեսված էր շահագործման հանձնել 2022 թվականի վերջին, սակայն շրջափակման հետևանքով չի հաջողվել ավարտին հասցնել աշխատանքները:
«Այդ շենքերում ներկայումս աշխատանքներ գրեթե ավարտված են։ Որոշներում մնում է միայն տեղադրել սանտեխնիկան և էլեկտրական սարքավորումները։ Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ դադարեցվել են արտաքին ենթակառուցվածքների շինաշխատանքները»,-մանրամասնել է փոխնախարարը՝ հավելելով, որ շենքերից յուրաքանչյուրն ունի 2-ից 4 սենյականոց 12 բնակարան։
Նրա խոսքով՝ հնարավորինս սեղմ ժամկետներում պակաս շինանյութերը ձեռք կբերվեն խանութներից ու պահեստներից և նշված 10 բնակելի շենքերը կհանձնեն շահագործման։
«Աշխատանքներ են տարվում նաև համապատասխան գույքի ձեռքբերման ուղղությամբ։ Շահառուներն իրենց բնակարանները կստանան ամբողջությամբ կահավորված»,-հավելել է Ա. Գասպարյանը։
Թաղամասի տարածքը ներկայում խճապատվում է, երկրորդ փուլով կասֆալտապատվի, կկառուցվի նաև խաղահրապարակ։ Շինարարությունն իրականացնում են «Քարավան», «Ռաֆ-Էլիտ», «Շին-Վեր Պլյուս», «Ճանշին», «Արմենշին», «Միք Շին», «Գրանդ Ալյանս», «Եվրոստրոյ», «Էլիտստրոյ» ընկերությունները։
Մանսավորապես՝ «Շին-Վեր Պլյուս» ընկերությունն իրականացնում է 4 շենքի կառուցումը։ Գլխավոր ինժեներ Կամո Հակոբյանի խոսքով՝ առաջին շենքում շինաշխատանքներն 90 տոկոսով ավարտված են: Ունեցած շինանյութի պաշարով շինարարները շարունակում են աշխատել նաև երկրորդում: