Չի բացառվում նաեւ փողոցային պայքարը. ՀՅԴ–ականը մանրամասներ հայտնեց արցախցիների հետ հանդիպումից
Ազատության հրապարակում տեղի ունեցավ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամների հանդիպումը ՀՅԴ անդամների հետ:
Հանդիպումից հետո քննարկվող նյութը լրագրողներին ներկայացրեց ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արա Պուլուզյանը:
«Արցախցիների եւ ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչների հանդիպումը բավականին արդյունավետ էր, մենք մեր առաջարկները ներկայացրեցինք, թե ինչպես կարելի է շարունակել բողոքի այս ակցիան, ինչպես կարելի է համախմբումն ավելի ընդարձակել ու լայնացնել:
Նաև կարևորեցինք բացի սոցիալական հարցերից, քաղաքական և իրավական հարցերը, պիտի մեր տեսակետից նաև խմբեր կազմվեն, որը բանակցությունների մեջ կմտնի իշխանությունների հետ»,-ասաց նա:
Պուլուզյանը նշեց, որ համախմբման պրոցեսն ոչ մի տեսակի պայքար չի բացառում: «Փողոցային պայքարները, իհարկե, իրենց տեղն ունեն, որպես ճշման միջոց, բայց հիմնականում նաև պիտի լինեն խորհրդակցություններ, բանակցություններ, հարցի դրական լուծման համար դրանք անհրաժեշտ են։ Հիմնական խնդիրներից են՝ քաղաքացիության հարցը, մի շարք գույքային՝ անշարժ և շարժական գույքերի հարցերն են, ընդհանրապես այդ խտրականության հարցն է, որ արցախցիների ու հայաստանցիների մեջ դրվում է և, դժբախտաբար, իշխանությունների կամ իշխանությունների մոտիկ շրջանակների կողմից անընդհատ հրահրվում է»,-նշեց Պուլուզյանը:
Անդրադառնալով ԱԳՆ վերջին հայտարարությանը, նա նշեց. «ԱԳՆ վերջին հայտարարությունը խայտառակ հայտարարություն էր, որն ինքն իրեն էր հակասում, որովհետև մի տարի առաջ բոլորովին այլ պատասխան էին տվել, հիմա այլ պատասխան են տալիս: Դրա հետապնդումը թե՛ գերիների ու պատանդների և թե՛ դատավարությունների, անօրինական դատավարությունների, ինչու չէ նաև վերադարձի հարցը, Արցախցիների վերադարձի հարցը, արտաքին քաղաքականության մեջ գերակա խնդիրներ պիտի լինեն Հայաստանի Հանրապետության համար: Բայց նրանք ժխտում են այս խնդիրները»:
Հարցին՝ այդքանից հետո ի՞նչ ակնկալիքով պետք է արցախցիները երկխոսեն իշխանության հետ, Պուլուզյանն ասաց. «Համենայնդեպս պիտի իրենք իրենց փաստարկները բերեն: Իհարկե, այլ հարթակներ էլ միշտ գոյություն ունեն: Ես ձեզնից չեմ թաքցնի, Դաշնակցության Հայ դատի գրասենյակներն այդ ուղղությամբ բավականին ակտիվ աշխատանք են տանում: Մոտ օրերում կտեսնեք այդ աշխատանքի արդյունքները: Հուսով եմ, որ կկարողանանք այդ ճնշման միջոցով նաև Հայաստանի իշխանություններին ինչ-որ ճնշման ենթարկել, որ նաև Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ այդ հարցը տեղ գրավի։
Իհարկե, շատ հույս չունեմ, այդ հարցը որևէ դրական լուծում ունենա, որովհետև միտումները արդեն երևում են՝ անընդհատ պարտվողական, զիջողական, դասալքության քաղաքականությունը երևում է այս իշխանությունների, բայց համենայնդեպս պետք է այդ լծակներն օգտագործել արտաքին քաղաքականության, մեր դեսպանությունների, մեր դիվանագիտական շրջանակների, որը որոշ տեղեր արդյունք տալիս է։ Իհարկե, ոչ բացահայտ»։