Ցանկացած ագրեսիա Հայաստանի կամ Արցախի սահմանների ուղղությամբ պետք է ժամանակին ամենատարբեր միջոցներով կանխել․ Աբրահամյան
Տավուշի դիրքերի ուղղությամբ ծավալվող իրադարձություններին է անդրադարձել Արցախի նածագահի նախկին խորհրդական, փորձագետ Տիգրան Աբրահամյանը։
«Անկախ այն հանգամանքից, թե Տավուշի ուղղությամբ իրադարձությունները ինչպես կզարգանան, մեր հաջողության, հաղթանակի և ինչու չէ տարածաշրջանային կայունության և անվտանգության ամենակարևոր գործոնը ադրբեջանական ագրեսիային կոշտ արձագանք ապահովելն է:
Չպետք է կարծել, թե կոշտ գործողությունները կարող են լայնամասշտաբ ռազական գործողությունների պատճառ դառնալ: Եթե Ադրբեջանը լայնամասշտաբ գործողություններ է պլանավորել, ապա նույնիսկ «փափուկ» լինելու, «զսպվածության» պայմաններում էլ իր մտադրությունը կիրականացնի:
Սա նշանակում է, որ ցանկացած ագրեսիա Հայաստանի կամ Արցախի սահմանների ուղղությամբ պետք է ժամանակին ամենատարբեր միջոցներով կանխել. եթե հնարավոր է, ապա հենց սկզբնական փուլում՝ Ադրբեջանի տարածքում»,- նշել է Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին՝ 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, УАЗ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով УАЗ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով հետ շպրտվել:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ գործողությունները։
Նշենք, որ հուլիսի 10-ին Հայաստանի անվտանգության խորհուրդը հրապարակել էր ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը, որի մեջ նշվում էր, որ «Թուրքիան կդադարի անվտանգության սպառնալիք լինել ՀՀ համար, երբ վերանայի Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ իր ոչ բարիդրացիական քաղաքականությունը»: