կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Բերքաձորում պտղատու նոր այգիներ են հիմնել

Բերքաձորում պտղատու նոր այգիներ են հիմնել

Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքի բնակչության հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է. կան հիմնարկ-ձեռնարկություններում աշխատողներ ևս:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է համայնքի ղեկավար Զարինե Մեքիյանը:

«Սիրիայից Արցախ տեղափոխված Ասմարյան եղբայրները մեր համայնքում մրգատու այգիներ են հիմնել, պատերազմից հետո էլ մեծացրել դրանք: Պետական աջակցությամբ 4 ընտանիքների ջերմոցներ են տրամադրվել, ընդ որում` մեկը Մարտունու շրջանի` թշնամու տիրապետության տակ անցած Շեխեր գյուղից է տեղահանվել: Նրանք էլ վարունգ, լոլիկ, կանաչեղեն, բանջարաբոստանային տարբեր մշակաբույսեր են աճեցրել: Ուրախալի է, որ վերջերս տեղացած կարկուտից ջեմոցները չեն տուժել: Տեղահանված 8 ընտանիք էլ ԿԽՄԿ-ի կողմից բանջարաբոստանային մշակաբույսերի սերմեր է ստացել, ցանել ու արդեն բերքը հավաքել. արդյունքները գոհացուցիչ են»,-պատմել է Զ. Մեքիյանը:

Նրա խոսքով՝ գյուղում նաև մանր եղջրավոր անասուններ են պահում: Ավետարանոցից տեղահանված և Բերքաձորում հաստատված մեկ ընտանիք էլ, որը մինչև մինչ 44-օրյա պատերազմը Ակնայի շրջանում անասնապահությամբ էր զբաղվում, այժմ նույն գործունեությունն իրենց համայնքում է իրականացնում: Գյուղի երիտասարդ ընտանիքներից մեկը 33 գլուխ անասուն ունի. գլխաքանակն ավելացնելու ցանկությունը մեծ է։ Երկու տնտեսություն էլ զբաղվում է թռչնաբուծությամբ: Մեր զրուցակիցը նշել է, որ գյուղին պատկանող 12 հեկտար տարածք տրամադրել են Ականազերծման կենտրոնին։

Որպես գյուղի հիմնախնդիր` համայնքի ղեկավարն առանձնացրել է երեխաների համար ժամանցի ապահովումը:

«Ներհամայնքային ճանապարհներն ասֆալտապատ են, երեխաներն էլ իրենց խաղերը կազմակերպում են փողոցներում, ինչը վտանգավոր է: Գյուղում խաղահրապարակ կամ մարզահրապարակ կառուցելու ցանկություն ունենք»,-ասել է նա և հավելել, որ գյուղում կառուցված նոր թաղամասը կոյուղի չունի, ինչը հրատապ խնդիրներից մեկն է: Համայնքում գործում է ակումբ, որը վերանորոգման կարիք ունի:

Բնակիչներն ապահովված են էլեկտրաէներգիայով, շուրջօրյա ջրամատակարարմամբ, գյուղը գազաֆիկացված է։

  • Կիսվել: