ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Բարձրաձայնել իր պատմական հայրենիքում սովի, ցեղասպանության իրական վտանգի առջև կանգնած հայերի հարցը. ԳԱԱ կոչը

Բարձրաձայնել իր պատմական հայրենիքում սովի, ցեղասպանության իրական վտանգի առջև կանգնած հայերի հարցը. ԳԱԱ կոչը

ԳԱԱ-ն հայտարարություն է տարածել Արցախում ստեղծված իրավիճակի մասին.

«Տևական ժամանակ է, ինչ բնապահպան ներկայացող ադրբեջանցիների մի մեծ խումբ շինծու պատրվակով փակել է Արցախը (Լեռնային Ղարաբաղը) Հայաստանին կապող միակ, կենսական նշանակության ցամաքային ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Փաստական ապացուցված է այն հանգամանքը, որ «բնապահպան» ադրբեջանցիները, որոնց շարքերում նկատվել են տարբեր պաշտոնյաներ, զինվորականներ, Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ և այլն, որևէ առնչություն չունեն բնապահպանի գործի հետ: Սակայն նրանց գործողությունների արդյունքում Արցախի բնակչությունն արդեն տասներորդ օրն է՝ հայտնվել է շրջափակման մեջ։

Մեր օրերում, երբ արդի քաղաքակիրթ աշխարհը համընդհանուր քննադատության է արժանացնում մարդու իրավունքների ոտնահարման նվազագույն փորձը, Արցախի բնակչությունը հումանիտար աղետ է ապրում՝ զուրկ պարենի և դեղորայքի ձեռքբերման, բուժօգնության, ազատ տեղաշարժի և այլ հիմնարար իրավունքներից։ Արցախում՝ իր պատմական հայրենիքում, այժմ բնակվում է 120 հազար մարդ, գրեթե նույնքան, որքան կազմում է, օրինակ, Օռլեանի (Ֆրանսիա), Քեմբրիջի (Մեծ Բրիտանիա) կամ Ցյուրիխի (Շվեյցարիա) բնակչության թիվը: Անհնար է պատկերացնել միջազգային հանրության լռությունը և անգործությունը, եթե նմանօրինակ վտանգի առջև հայտնվեին թվարկված քաղաքները (տարածաշրջանները)։ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից կոորդինացվող այս գործողությունները խախտում են ոչ միայն 2020 թ․ նոյեմբերի 9-ին ձեռք բերված եռակողմ համաձայնությունը խաղաղության վերաբերյալ, այլև ուղղակիորեն ոտնահարում են ՄԱԿ-ի կողմից ընդունված և աշխարհի երկրների մեծ մասի կողմից ստորագրված մարդու իրավունքներին վերաբերող միջազգային կոնվենցիաները և համաձայնագրերը։

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան խստիվ դատապարտում է արդի բարդ աշխարհաքաղաքական իրադրության պայմաններում Ադրբեջանի կողմից իրականացվող այս սադրիչ և վտանգավոր քայլերը:

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան կոչ է անում իր միջազգային գործընկեր կառույցներին, միջազգային հումանիստական կազմակերպություններին բարձրաձայնելու իր իսկ պատմական հայրենիքում՝ սովի, բուժօգնության և դեղորայքի ձեռքբերման անհնարինության, ցեղասպանության իրական վտանգի առջև կանգնած հայերի հարցը, աջակցել և լուծումներ առաջադրել։

Հակառակ պարագայում մարդու իրավունքները որպես բարձրագույն արժեք հռչակած երկրների, հումանիստական առաքելություն իրականացնող միջազգային խոշոր կազմակերպությունների հռետորաբանությունը կարող է տեղիք տալ լրջագույն կասկածների՝ դրանց ազնվության և կիրառելիության օբյեկտիվության հարցում»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: