երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Բաքուն խոչընդոտում է խաղաղ կարգավորման ռուսական տարբերակի իրականացմանը. Արցախի ԱԺ պատգամավոր

Բաքուն խոչընդոտում է խաղաղ կարգավորման ռուսական տարբերակի իրականացմանը. Արցախի ԱԺ պատգամավոր

Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրի ստորագրմանը, որը կարող է դառնալ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության կարեւորագույն հիմքերից մեկը, սակայն դա չի կարող վտանգել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման արդար հեռանկարը եւ Արցախի ինքնորոշման հարցում ժողովրդի իրավունքի հնարավորությունը։ Այս մասին հոկտեմբերի 30-ին Արցախի Ազգային ժողովի արտահերթ նիստում ասաց «Ազատ Հայրենիք-ՀՀՄ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը։

«Այս առումով մենք կարեւոր ենք համարում Ռուսաստանի ջանքերն ու արդյունավետ քայլերը։ Մենք ընդունելի ենք համարում խաղաղության պայմանագիր կնքելու Ռուսաստանի առաջարկները, որը վերջնականապես չի լուծի խնդիրը, սակայն թույլ կտա շարունակել պայքարը խնդրի արդար կարգավորման եւ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման համար։

Ադրբեջանն ամեն կերպ կանխում է դա՝ փորձելով աշխարհին ներկայացնել, իբր խնդիրը լուծված է, իսկ Ղարաբաղի խնդիրն իբր չկա, եւ դա լուծվել է ռազմական ճանապարհով, սակայն դա այդպես չէ:

Մենք, ինչպես աշխարհի բոլոր ժողովուրդները, ունենք ինքնորոշման եւ ազատ կյանքի իրավունք։ Սա պետք է գիտակցեն միջազգային հանրությունը եւ բանակցային գործընթացում ներգրավված բոլոր կողմերը։

Հակառակ դեպքում դա կնշանակի նոր աղետ եւ նոր հայոց ցեղասպանություններ, որոնց պատասխանատվությունը կրելու են Ադրբեջանը եւ նրա կողմից աջակցություն վայելող բոլոր ուժային կենտրոններն ու միջազգային կազմակերպությունները։ Մենք պատրաստ ենք պայքարել մեր ցանկությունների իրականացման համար»,- ասաց Հարությունյանը։

Նա հիշեցրեց, որ Արցախը դարեր շարունակ պայքարել է իր ինքնությունը պահպանելու համար, եւ այս դժվարին ճանապարհին եղել են եւ՛ հաջողություններ, եւ՛ ձախողումներ։

«Հայոց պետականության կորստից ի վեր Արցախը դարեր շարունակ եղել է միակ տարածաշրջանը, որտեղ պահպանվել են հայոց պետականության հիմքերը։ Այսօր մենք կրկին բախվում ենք նույն մարտահրավերներին։

1980-ականներից սկսված մեր ազգային-ազատագրական պայքարը ստացավ իր տրամաբանական շարունակությունը, երբ սկսվեց ԽՍՀՄ փլուզումը, եւ Արցախի ողջ ժողովուրդն ընտրեց անկախության ուղին՝ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ընդունելով Անկախության հռչակագիրը եւ դեկտեմբերի 10-ին՝ հանրաքվեով հաստատելով այն։

Արցախի ժողովուրդը, անկախության համար 31 տարվա պայքարի ընթացքում, փորձել է իր արդար ձայնը հասցնել միջազգային հանրությանը։

Ցավոք, տարբեր սուբյեկտիվ պատճառներով նրանց համար այս ձայնը անլսելի էր։ Արդյունքում՝ Ադրբեջանը, օգտվելով ամենաթողության հնարավորությունից, Արցախյան երեք պատերազմների միջոցով փորձեց այդ խնդիրը լուծել ուժի կիրառմամբ։

Եվ միայն մեր հերոսների արյունով է հնարավոր Արցախը հայկական պահել: Անգամ 2020 թվականի աղետալի պատերազմից հետո մենք շարունակել եւ շարունակելու ենք պայքարն ինքնորոշման եւ անկախության համար, ինչի վկայությունն է Ստեփանակերտի հանրահավաքին հավաքված մեր քաղաքացիների՝ հայրենիքում ապրելու կամքն ու վճռականությունը»,- ընդգծեց պատգամավորը։

  • Կիսվել: