հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Բակո Սահակյանը ուղերձ է հղել  «Սահմանելով կրթության նոր տեսլականը» կրթական ֆորումի մասնակիցներին

Բակո Սահակյանը ուղերձ է հղել «Սահմանելով կրթության նոր տեսլականը» կրթական ֆորումի մասնակիցներին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 30-ին ուղերձ է հղել «Սահմանելով կրթության նոր տեսլականը» կրթական ֆորումի մասնակիցներին:         

Ուղերձում ասված է. «Հարգելի՛ բարեկամներ, Ի սրտե ողջունում եմ ձեզ՝ «Սահմանելով կրթության նոր տեսլականը» կրթական ֆորումի բոլոր մասնակիցներիդ:

Կրթության ոլորտը, իր առջեւ դրված խնդիրների յուրահատկությունից ելնելով` կապված մատաղ սերնդի կրթության եւ դաստիարակության հետ, լուծում է ոչ միայն այսօրվա խնդիրները, այլ նաեւ մեծապես կանխորոշում է երկրի ապագան: Այդ իսկ պատճառով ոլորտն ունի առանձնակի դերակատարություն եւ նշանակություն մեր ժողովրդի ու պետության համար:

Հայ ժողովուրդը եւ նրա արցախյան հատվածը միշտ աչքի են ընկել իրենց մտավոր ներուժով: Մեր հայրենակիցները գիտության տարբեր ասպարեզներում հասել են մեծ բարձունքների, ճանաչում են ձեռք բերել ոչ միայն հայրենիքում, այլեւ նրա սահմաններից դուրս:

Այդ ներուժի բացահայտումը, զարգացումը եւ կիրառումը պահանջում են համակարգված աշխատանք, սերտ փոխգործակցություն մայր Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ, տարբեր երկրների գիտա-կրթական հաստատությունների հետ գործնական կապերի հաստատում եւ խորացում, առաջատար փորձի կիրառում:

Այս տեսանկյունից կարեւոր ու պահանջված է գիտական համաժողովների, սեմինարների եւ քննարկումների կազմակերպումը, ինչը հնարավորություն է տալիս ավելի խորը եւ համապարփակ ձեւով դիտարկել ոլորտում առկա խնդիրները, մշակել դրանց լուծման արդյունավետ տարբերակներ, մշտական կապ պահպանել ինստիտուցիոնալ եւ անհատական հարթություններում:

Մեկ անգամ եւս ողջունում եմ ձեզ եւ մաղթում ակտիվ ու արդյունավետ աշխատանք: Հաջողություններ եւ ամենայն բարիք բոլորիդ»:

  • Կիսվել: