երեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2025
Բացե՛ք կյանքի ճանապարհը, բացե՛ք օդային ճանապարհը. ինչ ակցիաներ իրականացվեցին այսօր դեսպանատների մոտ

Բացե՛ք կյանքի ճանապարհը, բացե՛ք օդային ճանապարհը. ինչ ակցիաներ իրականացվեցին այսօր դեսպանատների մոտ

Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և նրանց կողմնակիցները բողոքի ակցիաներ իրականացրին Երևանում` ԱՄՆ–ի, Չինաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի դեսպանատների, ինչպես նաև ԵՄ պատվիրակության գրասենյակի մոտ։

Ակցիաների մասնակիցները դիվանագիտական բոլոր գերատեսչությունների մոտ վանկարկեցին. ՛՛Բացե՛ք կյանքի ճանապարհը։ Բացե՛ք օդային ճանապարհ։ Ո՛չ ցեղասպանությանը։ Մենք Արցախի կողքին ենք՛՛։ Ձեռքերում էլ պահում էին ՛՛Դադարեցրե՛ք էթնիկ զտումները՛՛, ՛՛Դադարեցրե՛ք մարդկության դեմ հանցագործությունները՛՛, ՛՛Ճանաչե՛ք Արցախը՛՛ և այլ գրառումներով պաստառներ:
 
Նշենք, որ ակցիային մասնակցում են նաև Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպաններ Ռուբեն Մելիքյանը, Յուրի Հայրապետյանը, ինչպես նաև Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։

Ակցիայի մասնակիցները բոլոր դեսպանատների մոտ թղթե ինքնաթիռներ թռցրին` պահանջելով օդային հումանիտար միջանցք բացելու հնարավորություն ստեղծել Արցախի համար։ Այնուհետև նրանք հստակ պահանջներով նամակներ հանձնեցին դիվանագիտական կառույցներին։

Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը նշեց. ՛՛Մենք խստագույն միջոցներով պահանջում ենք ու պահանջելու ենք, բողոքում ու բողոքելու ենք, ստիպում ու ստիպելու ենք, որպեսզի օր առաջ այս հրատապ խնդիրը լուծվի։ Պետք է երկարաժամկետ երաշխիքներ լինեն Արցախի ժողովրդի անվտանգության ու իրավունքների ապահովման համար, այնուհետև հակամարտության արդարացի խաղաղ վերջնական կարգավորման և Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման համար՛՛:

Նրա խոսքով՝ այս պահին արցախցին հումանիտար աջակցության կարիք ունի, այդ պատճառով իրենք համոզված են, որ ոչ միայն միջանցքը պետք է մաքրվի ալիևյան ռեժիմի ստրուկներից, այլև օդային հումանիտար միջանցք պետք է բացվի դեպի Արցախի Հանրապետություն։ Այդ հարցում, ըստ Բեգլարյանի, ակնկալում են ՄԱԿ–ի անվտանգության խորհրդի բոլոր անդամների խիստ գործական դիրքորոշումներն ու գործողությունները։

Նա նաև հավելեց. ՛՛Արցախում արգելափակման մեջ գտնվող մեր հայրենակիցներ, ամուր և վճռական եղեք` անկախ բոլոր զրկանքներից ու մարտահրավերներից։ Մի քանի օր էլ դիմացեք, համոզված ենք, որ լուծումներ կգտնենք, սակայն չպետք է նվաստացման ու զիջման ենթարկենք մեր հայրենիքն ու արժեքները՛՛։

Իր հերթին Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն էլ նշեց, որ ստեղծված իրավիճակում ինքը չի կարողանում իրականացնել իրեն տրված մանդատը, քանի որ հնարավորություն չունի Արցախ մեկնելու։ Նա շեշտեց, որ միջազգային հանրությունը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին պետք է հստակ արձագանք տա, որպեսզի Ադրբեջանի անպատժելիությունը չշարունակվի։

Ռուսաստանի դեսպանատան մոտ ակցիայի ժամանակ Ստեփանյանը կարևորեց իրենց այնտեղ լինելը, քանի որ տվյալ պետությունը բացի ՄԱԿ–ի ԱԽ անդամ լինելուց, նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմերից մեկն է։

՛՛Ադրբեջանը ռուսական խաղաղապահ զորակազմին փորձում է որակազրկել և հող է նախապատրաստում, որպեսզի 2025 թվականից հետո այդ ուժերը հանվեն Արցախից։ Կարծում ենք, որ ՌԴ–ն իր գործողություններով պետք է սանձի Ադրբեջանին, պարտավոր է իրականացնել եռակողմ հայտարարության դրույթները և Արցախում ապրող մարդկանց անվտանգությունը երաշխավորելու համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկի։ Խնդրում եմ ռուս խաղաղապահներին ձեռնարկել բոլոր գործողությունները, որպեսզի շատ կարճ ժամանակահատվածում վերականգնվի Հայաստանի և Արցախի միջև կապը՛՛,– նշեց Ստեփանյանը։

Հավելենք, որ ՄԱԿ–ի ԱԽ անդամ պետությունների դեսպանատների մոտ ակցիաներից հետո բոլորը գնացին դեպի ՄԱԿ–ի հայաստանյան գրասենյակ, որտեղ նրանց մեծ մասը կշարունակի նստացույցը:

  • Կիսվել: