երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Բացառված է, որ ադրբեջանցիները մոնիթորինգ իրականացնեն Արցախի տարածքում․ Արցախի խորհրդարանի իշխող ֆրակցիայի նախագահ

Բացառված է, որ ադրբեջանցիները մոնիթորինգ իրականացնեն Արցախի տարածքում․ Արցախի խորհրդարանի իշխող ֆրակցիայի նախագահ

Արցախի Ազգային Ժողովի իշխող «Ազատ հայրենիք-ՔԴՄ» խմբակցության նախագահ Արթուր Հարությունյանը հերքում է ադրբեջանական ԶԼՄ-երի տարածած լուրերն առ այն, որ այսօրվանից Ադրբեջանի «բնապահպանները» ռուս խաղաղապահների համաձայնությամբ բնապահպանական մոնիթորինգ են սկսում Արցախում։

Ինչպես վստահեցրեց Հարությունյանը InfoPort.am-ի հետ զրույցում, նման պայմանավորվածություն գոյություն չունի։ «Վստահ կարող եմ ասել՝ չկա նման բան։ Արցախի տարածքում գործող հանքերը շահագործվում են երկրի օրենսդրությանը համապատասխան, և հետայսու ևս շարունակելու են շահագործվել։ Բացառված է, որ ադրբեջանցիները մոնիթորինգ իրականացնեն Արցախի տարածքում»,- հավաստեց Հարությունյանը։

Նշենք, որ օրերս ադրբեջանցի «բնապահպանները» փակել էին Լաչինի միջանցքը, պահանջելով, որ Արցախը դադարեցնի իր տարածքում գտնվող հանքերի շահագործումը (խոսքը, մասնավորապես Կաշենի հանքի մասին է, խմբ․)։ Ռուս խաղաղապահների հետ բանակցություններից երեք ժամ անց ճանապարհը ի վերջո բացվեց։ Դրանից հետո Արցախի Իվանյան քաղաքում՝ ռուս խաղաղապահների կենտրոնատեղիում տեղի ունեցան բանակցություններ, ըստ ադրբեջանական ԶԼՄ-երի, «Ադրբեջանի Էկոնոմիկայի, էկոլոգիայի ու բնական ռեսուրսների նախարարությունների և «ԱզերԳոլդ» ընկերության ներկայացուցիչների հետ», որոնց մասնակցում էր նաև Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։

Իսկ ահա այսօր արդեն Ադրբեջանական ԶԼՄ-երը լուր տարածեցին առ այն, որ «այսօրվանից ռուս խաղաղապահների հետ պայմանավորվածության համաձայն Ադրբեջանի Էկոնոմիկայի, էկոլոգիայի ու բնական ռեսուրսների նախարարությունների և «ԱզերԳոլդ» ընկերության ներկայացուցիչները նախնական մոնիթորինգ են սկսում ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման վայրում բնական ռեսուրսների անօրինական շահագործման փաստի առնչությամբ»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: