երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Այսօր պատիվ ունեցա հանդիպելու Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ՝ մարդու, ով խորապես նվիրված է իր երկրին և ժողովրդին․ Ռենո Մյուզելյե

Այսօր պատիվ ունեցա հանդիպելու Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ՝ մարդու, ով խորապես նվիրված է իր երկրին և ժողովրդին․ Ռենո Մյուզելյե

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է Պրովանս-Ալպեր-Կոտ դ'Ազուրի տարածաշրջանային խորհրդի անդամների և նախագահ Ռենո Մյուզելյեի հետ։

Հանդիպումից հետո Ռենո Մյուզելյեն մի քանի գրառում է արել իր Twitter-ում․ «Այսօր պատիվ ունեցա ողջունելու Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին՝ մի մարդու, ով խորապես նվիրված է իր երկրին և պաշտպանում է իր ժողովրդի իրավունքները ադրբեջանական ագրեսիայից»։

Հաջորդ թվիթում Մյուզելյեն նշել է, որ Ադրբեջանը, անտեսելով միջազգային իրավական նորմերը, շարունակում է պահել գերևարված հայերին, ինչը մարդկային չափանիշների մեջ չի տեղավորվում։ Նա մեկ անգամ ևս ընդգծել է, որ հավատարիմ է Ֆրանսիայի խորհրդարանի Արցախի անկախությունը ճանաչող բանաձևին։ Մյուզելյեն հիշեցրել է, որ քսան տարի առաջ այս օրը Ֆրանսիան ճանաչեց 1,5 մլն մարդու կյանք խլած հայոց Ցեղասպանությունը Թուրքիայի կողմից․ «Եվ այսօր, ավելի քան երբևէ ես վերահաստատում եմ իմ անվերապահ աջակցությունը հայերին»։

Նա ընդգծել է, որ Արցախի պատվիրակության հետ հանդիպումը Ցեղասպանությունների հիշատակման և դատապարտման միջազգային օրը շատ խորհրդանշական է։ «Այս դաժան հանցագործության զոհ դարձած ժողովրդի պաշտպանությունը և աջակցությունը մեր պարտքն է»,- նշել է Մյուզելյեն Արցախի նախագահի հետ հանդիպմանը նվիրված վերջին թվիթում։

Նշենք, որ Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը արդեն հանդիպել է Եվրախորհրդարանի Ֆրանսիայի պատվիրակության անդամների, Մարսելի քաղաքապետ Բենուա Փայանի, Սենատի, Ազգային Ժողովի անդամների, հայ համայնքի ներկայացուցիչների, Փարիզի քաղաքապետ Էն Իդալգոյի, Իլ դե Ֆրանս շրջանի ղեկավար Վալերի Պեկրեսի, ինչպես նաև Բուշ դյու Ռոն դեպարտամենտի խորհրդի անդամների հետ։

Նա նաև հանդես է եկել ծավալուն ասուլիսով ֆրանսիական առաջատար ԶԼՄ-երի առջև, ինչպես նաև առանձին հարցազրույցներ տվել։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: