կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Այս ընթացքում միջանցքով անցնող ճանապարհով տեղաշարժը նվազել է 178 անգամ, իսկ ընդհանուր 3900 մարդ չի կարողացել տուն վերադառնալ. ԱՀ ՄԻՊ

Այս ընթացքում միջանցքով անցնող ճանապարհով տեղաշարժը նվազել է 178 անգամ, իսկ ընդհանուր 3900 մարդ չի կարողացել տուն վերադառնալ. ԱՀ ՄԻՊ

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման 100 օրվա վերաբերյալ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը զեկույց է հրապարակել, որում ներկայացվել է մարդու անհատական 7 իրավունքների խախտումների և հավաքական 4 իրավունքների խախտման մասին տվյալներ:

Այս մասին մարտի 23-ին կայացած տեսակամրջի ժամանակ տեղեկացրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ նշելով մասնավորապես ազատ տեղաշարժի իրավունքի խախտումը, որը միջանցքով անցնող Գորիս-Ստեփանակերտ մայրուղու փակման հետևանքով լրջագույն խնդիրներ է առաջացրել Արցախի Հանրապետության բնակչությոան համար:

«Ադրբեջանը տարբեր տվյալներ է փորձում հրամցնել միջազգային հանրությանը ցույց տալու համար, թե իբր ճանապարհն արգելափակված չէ, բայց այն տվյալները, որոնք ամփոփված են մեր զեկույցի մեջ հստակ ցուցիչ են, որ այդ ճանապարհն արգելափակված է այսպես կոչված բնապահպանական ակտիվիստների կողմից»,-մանրամասնել է Արցախի ՄԻՊ-ը՝ ընդգծելով, որ եթե մինչև շրջափակումն այդ ճանապարհով երթևեկում էր օրական 2450 մարդ, ապա շրջափակման 100 օրերի ընթացքում Կարմիր խաչի և ռուսական խաղաղապահների աջակցությամբ ճանապարհով անցել է ընդամենը 1376 մարդ:

Ընդհանուր առմամբ տեղաշարժի դեպքերը նվազել են 178 անգամ: Մեքենաների ելումուտն էլ կրճատվել է շուրջ 43 անգամ:

«Սա վերաբերում է նաև բեռների՝ հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների տեղափոխմանը: Եթե մինչև շրջափակումն օրական 400 տոննա առաջին անհրաժեշտության ապրանքներ էին ներմուծվում Արցախ, ապա ամբողջ շրջափակման ընթացքում այդ թիվը կազմել է 3707 տոննա, որը շուրջ 11 անգամ ավելի պակաս է, քան սովորական պայմաններում պետք է ներկրվեր»,-ներկայացրել է Գ. Ստեփանյանը՝ փաստելով, որ ազատ տեղաշարժի իրավունքի խախտման հետևանքով բազմաթիվ ընտանիքներ են բաժանվել:

Ըստ ՄԻՊ-ի տվյալների՝ շրջափակման առաջին շրջանում 1100 մարդ, ներառյալ՝ 270 երեխա , գտնվում էր ճանապարհի այս կամ այն կողմում և չէր կարողանում վերադառնալ: Ընդհանուր առմամբ այդ թիվն այս ժամանակահատվածում կազմել է 3900 մարդ՝ ներառյալ 570 երեխա:

  • Կիսվել: