հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ավելի քան 150 շրջանավարտ՝ 9-ը մասնագիտությամբ. ուստարվա ամփոփում Մեսրոպ Մաշտոց համալսարանում

Ավելի քան 150 շրջանավարտ՝ 9-ը մասնագիտությամբ. ուստարվա ամփոփում Մեսրոպ Մաշտոց համալսարանում

Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանը 2021-2022 ուսումնական տարում թողարկել է 154 շրջանավարտ՝ 9 մասնագիտություններով՝ առկա և հեռակա ուսուցմամբ:

 Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է բուհի պրոռեկտոր Ալիսա Բաղդասարյանը:

«Այդ թվում՝ 48-ը մագիստրատուրայի շրջանավարտներ են, իսկ 97-ը՝ բակալավրիատի, որից 51-ը՝ առկա, 48-ը՝ հեռակա:Շրջանավարտների թվով գերակշռող մասնագիտություններից էին «Կովկասագիտություն»-ը, «Իրավագիտություն»-ը և «Օտար լեզու»-ն, բայց մնացած մասնագիտությունները նույնպես շատ չէին զիջում»,-ասաց մեր զրոցակիցը:

Նրա խոսքով՝ վերջին տարիներին բուհում կարևորում են ավարտական աշխատանքի պաշտպանությունը:
 
«Յուրաքանչյուր ուսանող, անկախ իր միջին որակական գնահատականից, կհանձնի ավարտական աշխատանք: Սա թույլ է տալիս շրջանավարտին ցույց տալ գործնական և տեսական գիտելիքները, և համոզիչ դարձնել, որ, իսկապես, կարող է իր մասնագիտությամբ աշխատել:Շրջանավարտներն իրենց ավարտական աշխատանքների պաշտպանության ժամանակ ցույց տվեցին, որ իրենց ուսման տարիներն անարդյունք չեն անցել. նրանց մեծամասնությունն աշխատում է ձեռք բերած մասնագիտությամբ»,-նշեց Ա. Բաղդասարյանը:

Բուհի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Արինա Գրիգորյանը նշել է,որ 2022-2023 ուսումնական տարվա ընդունելությունը բակալավրիատում անց է կացվելու չորս փուլով:

«Նախնական փուլն արդեն իսկ սկսված է,իսկ փաստաթղթերի ընդունումը մինչև հունիսի 22-ն է: Քննությունները կանցկացվեն հունիսի 24-ին և 25-ին: Առաջին փուլով փաստաթղթերը կընդունվեն մինչև հունիսի 28-ը, իսկ քննությունները կանցկացվեն հուլիսի 22-ին և 23-ին: Մագիստրատուրայի ընդունելության քննությունների առաջին փուլը տեղի կունենա հուլիսի 25-ին, իսկ երկրորդ փուլը՝ օգոստոսի 20-ին: Ռուսերենի թեքումով դպրոցի շրջանավարտները քննությունները կարող են հանձնել ռուսերենով: Միասնական քննությունները կազմակերպվում և անց են կացվում ԱՀ ԿԳՄՍ նախարարության Գնահատման և թեստավորման կենտրոնում՝ համաձայն ԱՀ հատկացված տեղերի 2022-2023 ուստարվա ընդունելության կարգին»,-ներկայացրել է մեր զրուցակիցը:

Բուհի այս տարվա շրջանավարտ Ռոբերտ Բաղրյանը մեզ հետ զրույցում ասել է, որ գերազանց ավարտել է «Կառավարում» մասնագիտությունը:
 
«Ներկա պահին աշխատում եմ պետական կառույցում և կիրառում եմ բուհում ստացած գիտելիքները: Այստեղ ստացել եմ այն բոլոր գիտելիքները, ինչի համար ի սկզբանե դիմել և ընդունվել էի»,-ընդգծել է նա՝ գոհունակություն հայտնելով դասախոսական անձնակազմից:
Վերջերս բուհում մեկնարկել էր ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացը: Ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը մեզ հետ զրույցում նշել է, որ դեռևս 2019 թվականից սկսված գործընթացի արդյունքները հայտնի կդառնան ընթացիկ տարվա սեպտեմբերին։
 
«Բուհի պրոֆեսորադասախոսական ողջ անձնակազմի գերնպատակը որակյալ կրթությամբ ուսանողներին զինելն ու գիտակ մասնագետներ թողարկելն է, ինչը կնպաստի երկրի զարգացմանն ու շենացմանը»,-ասել է ռեկտորը։
 

  • Կիսվել: