կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Շուկայական գների իրականությունը հաշվի չեն առել․ Արտակ Բեգլարյանը՝  բնակարանների համար արցախցիներին տրամադրվող գումարի մասին

Շուկայական գների իրականությունը հաշվի չեն առել․ Արտակ Բեգլարյանը՝ բնակարանների համար արցախցիներին տրամադրվող գումարի մասին

Արցախցիների բնակարանային խնդիրների լուծման հարցով ներառական քննարկումներ չեն եղել ՀՀ կառավարության կողմից: Այս մասին, այսօր «ՀՀ կառավարության՝ Արցախի ժողովրդի բնակարանային կարիքների բավարարման ծրագիր․ մտահոգություններ ու առաջարկներ» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Արցախի նախկին պետնախարար, «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ նախագահ Արտակ Բեգլարյանը:

Նրա խոսքով, միայն մեկ անգամ Արցախից 10-ից ավելի ներկայացուցիչների հրավիրել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպման, որտեղ ներկայացվել են բնակարանային խնդրի լուծման ընդհանուր սկզբունքները:

«Արցախի գրեթե բոլոր ներկայացուցիչները տարաձայնություններ են հայտնել տարբեր կետերի վերաբերյալ, այդ թվում գումարի չափի մասով: Իրենց հիմնավորումն այն էր, որ 2023-ին անշարժ գույքի երկրորդային շուկայում կադաստրում գրանցված առուվաճառքի մեկ քմ-ի միջին գինը 200 հազար դրամից ավելին չէ: Եվ իրենք հաշվել են, որ մեկ անձի համար 15 քմ մակերեսը բավարար է: 200 հազարը բազմապատկել են 15-ով եւ ստացել 3 մլն դրամ: Մենք բացատրել ենք, որ դա իրականում չի արտացոլում երկրորդային շուկայում գների իրական պատկերը: Ընդ որում, իրենք նշել են՝ բացի Երեւանից, Ծաղկաձորից, Դիլիջանից, Աբովյանից, մնացած համայնքներում այդ գինն է գործում»,-ասաց Բեգլարյանը:

Նա նկատեց, որ հստակ միտում կա, որ մարդիկ կադաստրում գործարքներ անելիս ցածր գին են նշում՝ հնարավոր հարկային պարտավորություններից խուսափելու համար. «Մենք ուղղակի առաջարկել ենք՝ ուսումնասիրել շուկան, ասել ենք՝ մտեք առցանց հարթակներ, եւ նայեք գինը այլ համայնքներում: Ես ուսումնասիրել եմ, միջին գինը մարզային համայնքներում, ոչ սահմանամերձ, Երեւանից նույնիսկ տասնյակ կմ հեռու, մեկ քմ-ի գինը 320-500 հազար դրամ է: Այսինքն նախ, կառավարությունը հաշվի չի առել շուկայական գները, նաեւ հաշվի չեն առել Արցախի ներկայացուցիչների կարծիքը»,-ասաց Արտակ Բեգլարյանը:

  • Կիսվել: