կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Աստղաշենցիները գյուղմթերքի որոշ տեսակներով իրենց պահանջարկն ապահովելուց բացի, դրանց մի մասն իրացնում են շուկայում

Աստղաշենցիները գյուղմթերքի որոշ տեսակներով իրենց պահանջարկն ապահովելուց բացի, դրանց մի մասն իրացնում են շուկայում

Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքում այս տարի ընդլայնվել են բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքսերը:

Այս մասին մեզ հետ զրույցում ասել է համայնքի ղեկավար Արթուր Գրիգորյանը, ում հավաստմամբ՝ աստղաշենցիներն սկսել են ավելի ակտիվ զբաղվել գյուղատնտեսությամբ:

Նրա խոսքով՝ կարևոր նշանակություն ունի բանջարաբոստանային ցանքսերի ոռոգման խնդիրը:

«Գյուղն ապահովված խմելու ջրով, որը, սակայն, ոռոգման ջրի բացակայության պատճառով օգտագործվում է նաև տնամերձեր հողամասերի մշակման համար: Սակայն խմելու ջրի սակագինը բավականին բարձր է, ուստի դիմել ենք կառավարությանը սակագնային փոփոխությունների խնդրանքով: Օգտագործում ենք նաև արտեզյան ջրերը, սակայն հովհարային անջատումների դեպքում խնդիրներ են առաջանում»,-պարզաբանել է համայնքապետը:

Նրա խոսքով՝ տեղումների պատճառով չեն կարողացել թթի բերքահավաքն իրականացնել, իսկ քամին ու տեղատարափ անձրևները բացասաբար են ազդել բերքատվության վրա: Վնասվել են հացահատիկայինների ցանքսեր, ինչպես նաև բանջարաբոստանային մշակաբույսեր, որոնք համայնքապետի համոզմամբ, վերականգնելի են: Այդուհանդերձ, մեր զրուցակցի գնահատմամբ, նախորդ տարվա համեմատ այս տարի ցանքսերից բավարար բերքատվություն է ակնկալվում: Ինչ վերաբերում է բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքսերին, ապա այս տարի դրանք ընդլայնվել են:

«Գյուղում օգտվել են բարեգործական մի շարք ծրագրերից՝ ստանալով կարտոֆիլի ու այլ մշակաբույսերի սերմեր։ Ստացված բերքի մի մասը՝ մասնավորապես կարտոֆիլը, շուկա են դուրս բերել՝ իրացնելով Ստեփանակերտում: Շուտով էլի կտանենք»,- ասել է Ա․ Գրիգորյանը:

Նրա տեղեկատվությամբ՝ Աստղաշենում երկու ջերմոց է հիմնվել, որոնցից մեկում կանաչեղեն է մշակվում՝ տարին բոլոր գյուղն ապահովելով, իսկ մյուսում՝ նաև լոլիկ, լոբի և այլ մշակաբույսեր։

«Աստղաշենում, կան նաև մեծ գլխաքանակով անասնաբուծությամբ զբաղվողներ, իսկ անհատապես գրեթե յուրաքանչյուրն ունի 1-3 անասուն: Այդ ամենի շնորհիվ՝ ոչ միայն ապահովվում են իրենց պահանջարկը, այլ նաև մի մասն իրացնել»,-հավելել է համայնքի ղեկավարը:

Նյութը՝ artsakhspeaks.am-ի:

  • Կիսվել: