Արցախում գյուղմթերքի գները շարունակում են բարձր մնալ. արձագանքում են քաղաքացիները
Արցախի գյուղական համայնքների գյուղմթերք արտադրողներին Ստեփանակերտի կենտրոնական շուկայում անվճար հիմունքներով հատկացվել են տաղավարներ` իրենց արտադրանքը վաճառքի հանելու համար։
Նրանց հնարավորություն է տրվել նաև գործող միջհամայնքային փոխադրամիջոցներով գյուղմթերքը մայրաքաղաք հասցնել։
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի առաջին տեղակալ Վլադիմիր Հարությունյանը տեղեկացրել է, որ գյուղական համայնքների բնակիչների կողմից մայրաքաղաք բերված գյուղմթերքն իրացվում է նաև վերավաճառքի միջոցով` գնաճը կանխելու նպատակով։
Վերավաճառողներից տիկին Ռիման նշեց, որ գնված մթերքը վերավաճառում է 10-20% ավելացնելով:
«Փորձում եմ այնպես անել, որ և գնորդներին հարմար լինի, և ինձ։ Պետք է միմյանց հասկանանք ու ըմբռնումով մոտենանք, որ կարողանանք միասնաբար հաղթահարել մեզ պատուհասած հերթական ճգնաժամը»,-ասել է տիկին Ռիման։
Սուսաննա Հայրիյանը նշեց, որ ապրանքատեսականին ձեռք է բերում հիմնականում Ասկերանի շրջանի Շոշ համայնքի բնակիչներից։
«Ամեն ինչ թանկացել է, օրվա մեծ մասն էլ այստեղ եմ անցկացնում: Աշխատանքային օրվա վերջում գները վերանայում եմ, որպեսզի հասցնեմ ամեն ինչ վաճառել: Չմնա ու չփչանա, առանց այն էլ եղածը մեծ քանակի չէ»,-պատմել է տիկին Սուսաննան։
Տիկին Անուշն էլ ընդեղեն է գնում ու վերավաճառում։ Նա առանձնացրեց նաև տաղավարի դիմաց վարձավճարի հարցը: «Գնածիս վրա մեծ գումար չեմ ավելացնում ու վաճառում: Չեմ էլ կարողանում վճարել տաղավարի գումարը, որը մինչ շրջափակումը 25000 դրամ էր, իսկ ստեղծված իրավիճակը հաշվի առնելով, դարձրել են 17000»,-նշել է տիկին Անուշը։
Թեև որոշակի աշխուժություն էր նկատվում շուկայի վաճառասեղանների մոտ, քանի որ երկար դադարից հետո գյուղմթերքի որոշակի տեսակներ կային, այնուամենայնիվ, մեզ հետ զրույցում քաղաքացիները դժգոհում էին գործող բարձր գներից։