ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ասկերանի շրջանի Կարմիր գյուղում տեղահանված ընտանիքների համար ավելի քան 60 առանձնատուն է կառուցվում

Ասկերանի շրջանի Կարմիր գյուղում տեղահանված ընտանիքների համար ավելի քան 60 առանձնատուն է կառուցվում

Արցախի Հանրապետության կառավարության ֆինանսավորմամբ Ասկերանի շրջանի Կարմիր գյուղում տեղահանված ընտանիքների համար 64 առանձնատնից բաղկացած նոր թաղամաս է կառուցվում:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ԱՀ Քաղաքաշինության նախարարության մամուլի խոսնակ Մարթա Դանիելյանը:
 
«Թաղամասը կունենա  2-ից մինչև 4 սենյականոց առանձնատներ: Նախագծի համաձայն, տեղանքի ռելիեֆային պայմաններից ելնելով, որոշ առանձնատներ կունենան նաև կիսանկուղային հարկեր»,-հավելել է Մ. Դանիելյանը։
 
ԱՀ Քաղաքաշինության նախարարության ԿՇՎ գլխավոր մասնագետ֊տեխհսկիչ Գենադի Ղուլյանը մեզ հետ զրույցում ասել է, որ նոր թաղամասի շինարարական աշխատանքները հիմնականում մեկնարկել էին 2022 թվականի հունվար ամսին։
«Այս պահի դրությամբ տներից որոշներն արդեն տանիքապատվում են, իսկ մյուսների պատերն են   դրվում։ Այնուհետև շինարարները կսկսեն ներքին հարդարման աշխատանքները»,-ասել է Գ. Ղուլյանը՝ հավելելով, որ  կառուցվող նոր թաղամասի կառուցումը նախատեսվում է  ավարտել 2023 թվականին։
 
Շինարարությունն իրականացնում են «ԱԻՄ», «Բլարգ», «ՀԻՄՔ», «Պիրամիդա», «Տիգրան Մեծ» և «Հասհիդրո» ՍՊ ընկերությունները

  • Կիսվել: