երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Աշխարհը կենտրոնանում է մյուս կոնֆլիկտների վրա, բայց ոչինչ չի արել՝ կանխելու հայերի սպանությունը»․ հայազգի դերասան Ջո Մանգանիելո

«Աշխարհը կենտրոնանում է մյուս կոնֆլիկտների վրա, բայց ոչինչ չի արել՝ կանխելու հայերի սպանությունը»․ հայազգի դերասան Ջո Մանգանիելո

Հայկական արմատներ ունեցող՝ հայտնի ամերիկացի դերասան Ջո Մանգանիելոն Instagram-ում կիսվել է ամերիկացի ստենդափեր Չելսի Հարթի տեսանյութով, որում վերջինը ներկայացնում է Հայաստանի պատմությունն ու Արցախում տիրող իրավիճակը։ Մանգանիելոն նշել է, որ Չելսին հրապարակման մեջ հրաշալիորեն պատմել է այն, ինչ կատարվում է Արցախում։ 

«Հայ ժողովրդի պատմության ու Արցախի ներկայիս վիճակի մասին հրաշալի տեսանյութ՝ Չելսի Հարթի կողմից։ Երբ աշխարհը կենտրոնանում է աշխարհի մյուս մասերում առկա կոնֆլիկտների վրա, բայց ոչինչ չի արվել՝ կանխելու հայերի սպանությունը․․․ Սանկցիաներ կիրառեք Ադրբեջանի դեմ»,-գրել է դերասանը։

Նրա հրապարակման ներքո մեկնաբանություն է թողել նաեւ ամերիկահայ հաղորդավարուհի, պրոդյուսեր Սոնա Հովհաննիսյանը՝ շնորհակալություն հայտնելով դերասանին «ճշմարտությունը բարձրաձայնելու համար՝ այն ժամանակ, երբ պրոֆեսիոնալ լրագրողներից շատերն անգամ պատշաճ կերպով չեն կատարում իրենց աշխատանքը»։ 

Ինչ վերաբերում է Չելսի Հարթին, ստենդափերն իր ինստագրամյան էջում մեկ հրապարակմամբ չէ, որ աջակցել է հայերին՝ պահանջելով սանկցիաներ կիրառել Ադրբեջանի դեմ։ Ավելի վաղ ստենդափերը Ադրբեջանի բռնի գործողությունները ներկայացնող հոլովակ էր հրապարակել, որն ուղղեկցվում էր հետեւյալ տողերով՝ «Ադրբեջանը ցեղասպանություն է իրականացնում էթնիկ հայերի հանդեպ։ Նրանց զինվորները սպանում են խաղաղ բնակիչներին, ահաբեկում ծերերին։ Հազարավոր հայեր մնացել են անտուն, հարյուրավոր զոհեր կան։ Ադրբեջանցի զինվորները կադրեր են հրապարակում, թե ինչպես են ռմբակոծում նրանց տները, անգամ ցուցադրում, թե ինչպես են մասնատում հայերի մարմինները եւ ոչնչացնում նրանց մշակութային վայրերը, այն դեպքում, երբ «խոստանում են ամբողջական ինտեգրում»։ Արցախի հայտնի գործիչներ են ձերբակալվել։ Ադրբեջանցի զինվորները շարունակում են սոցիալական մեդիայում ցուցադրել իրենց հանցագործությունները։ Արցախ ուժեղ մնա։ Սանկցիաներ կիրառել Ադրբեջանի դեմ»։

  • Կիսվել: