երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Աշխարհն անտարբեր հետևում է, թե ինչպես է տեղի ունենում ևս մեկ Հայոց ցեղասպանություն և հայերի բռնի տեղահանություն. Genocide Watch

Աշխարհն անտարբեր հետևում է, թե ինչպես է տեղի ունենում ևս մեկ Հայոց ցեղասպանություն և հայերի բռնի տեղահանություն. Genocide Watch

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից 2 տարի անց աշխարհն անտարբեր հետևում է, թե ինչպես է տեղի ունենում ևս մեկ Հայոց ցեղասպանություն և հայերի բռնի տեղահանություն։ Այս մասին գրել է Genocide Watch կազմակերպությունը՝ թեմայի շուրջ հրապարակված հոդվածում։

Ըստ հոդվածի՝ Genocide Watch-ը, Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը, «Փրկել Ղարաբաղը» կոալիցիան, Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, ինչպես նաև հայկական տարբեր կազմակերպություններ դեռ 2022 թ․-ից են նախազգուշացրել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող ցեղասպանության մասին։

Genocide Watch-ն արձանագրում է՝ Լեռնային Ղարաբաղում բռնի տեղահանությունը և ցեղասպանությունը «տասնամյակներ շարունակվող հակամարտության կուլմինացիան է»։ Հոդվածում նաև ներկայացվում են 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վրա լայնածավալ հարձակման հետևանքները, քաղաքացիական բնակչության շրջանում` զոհերը։

«Ադրբեջանը միտումնավոր կերպով գնդակոծում է քաղաքները։ Սա պատերազմական հանցագործություն է (ՄՔԴ կանոնագիրք, հոդված 8, 2b(i))», - գրում է Genocide Watch-ը՝ նշելով, որ ադրբեջանական հարձակման ժամանակ Սառնաղբյուրում զոհվել է 5 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 3 երեխա, անհետ կորել է 2 երեխա, վիրավորվել՝ 2 երեխա։

Այնուհետև Genocide Watch-ն արձանագրում է․ «Բռնի տեղահանությունը մարդկության դեմ հանցագործություն է (ՄՔԴ կանոնագիրք, հոդված 7, (1d))»:

Կազմակերպությունը նշում է, որ ադրբեջանական քարոզչությունն «ապամարդկայնացնում է հայերին», Ադրբեջանը ջնջում է Հայաստանի հնագույն պատմությունը, համակարգված կերպով ոչնչացնում հայկական քրիստոնեական եկեղեցիները և սրբավայրերը։

Չնայած Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե, իբր, հայերի իրավունքներն Ադրբեջանում կպահպանվեն, սակայն, իրականում, ադրբեջանցի զինվորականները սոցցանցերում տարածում են իրենց կողմից հայերին սպանելու տեսանյութեր, հետևաբար, նշում է Genocide Watch-ը, հայերը չեն կարող ապահով լինել Ադրբեջանում։

«Ադրբեջանական ուժերը կալանավորում են տարհանվողներին և արդեն ձերբակալել են Արցախի նախկին ղեկավարներից Ռուբեն Վարդանյանին», - նշվում է հոդվածում։

Genocide Watch-ը նաև շեշտում է, որ Եվրոպան, ինչպես և 1915 թ․ Հայոց ցեղասպանության ժամանակ, չկարողացավ գործել՝ վերջ դնելու հայերի ցեղասպանությանը։

«Հայաստանին հարկավոր են երաշխիքներ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ռուսաստանի կողմից, որ նրանք անվտանգ կլինեն ադրբեջանական հետագա ագրեսիայից», - եզրափակում է Genocide Watch-ը։

  • Կիսվել: