կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արզախում կյանքը շարունակվում է. Պարգևատրումներ Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի մոտ

Արզախում կյանքը շարունակվում է. Պարգևատրումներ Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի մոտ

Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը շրջվարչակազմի պատվոգրերով և նվերներով պարգևատրել է տարբեր մարզաձևերով աշխարհի, Եվրոպայի և ՀՀ-ի առաջնություններում մրցանակային տեղեր զբաղեցրած 22 մարզիկների և մարզիչների:

Հանդիսավոր արարողությանը ներկա էին ԱՀ ԿԳՄՍ նախարարության աշխատակազմի սպորտի վարչության պետ Դանիել Մկրտչյանը, շրջվարչակազմի աշխատակազմի ԿՍ բաժնի վարիչ Կառլեն Մայիլյանը, գլխավոր մասնագետ Գրիգորի Մարտիրոսյանը, Ասկերանի շրջանային մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Արվիդ Ավանեսյանը:

Շրջվարչակազմի ղեկավարը շնորհավորել է մարզիկներին ու մարզիչներին 2022 թվականին ունեցած մրցութների և, առավել ևս, հաջողությունների համար:

«Ձեր հաղթանակները ևս մեկ անգամ վկայում են այն մասին, որ անկախ ամեն ինչից, արցախցին իր մեջ ուժ է գտնում և բարձր պահում ազգի անունը: Մենք մեծ ուշադրությամբ հետևում ենք ձեր խաղերին, հպարտանում ձեր հաջողություններով: Չեմ բացառում, որ աշխարհի և Եվրոպայի առաջնություններում կարող ենք չեմպիոններ ունենալ, ու դա կարող է լինել ձեզանից մեկը: Վստահ եմ՝ ձեր հաղթանակները շարունակական են լինելու, և թող 2023-ը խաղաղության և նոր հաղթանակների տարի լինի»,- ասաց Համլետ Ապրեսյանը:

Շնորհավորանքի խոսք ասացին ԱՀ ԿԳՄՍ նախարարության աշխատակազմի սպորտի վարչության պետ Դանիել Մկրտչյանը և Ասկերանի շրջանային մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Արվիդ Ավանեսյանը՝ նշելով, որ մարզիկների հաղթանակները նաև ողջ արցախահայության հաղթանակներն են:

Շրջանի մարզական կյանքում ներդրած նշանակալի ավանդի, մատաղ սերնդին ռազմահայրենասիրական հոգով դաստիարակելու գործում անգնահատելի վաստակի և թոշակի անցնելու և կապակցությամբ շրջվարչակազմի ղեկավարը պատվոգրով և հուշանվերով պարգևատրեց ԿՍ բաժնի գլխավոր մասնագետ Գրիգորի Մարտիրոսյանին՝ մաղթելով նրան առողջություն և խաղաղություն: Նա ավելացրեց, որ մեծ է Գրիգորի Մարտիրոսյանի ներդրումը շրջանի սպորտի բնագավառի զարգացման, ունեցած ձեռքբերումների գործում և բազում սերունդների դաստիարակման գործում:

  • Կիսվել: