հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արթուր Դավթյանը վերահաստատել է հնարավոր բոլոր եղանակներով Արցախի գործընկեր կառույցի գործունեության արդյունավետությանը նպաստելու ՀՀ գլխավոր դատախազության հաստատակամությունը

Արթուր Դավթյանը վերահաստատել է հնարավոր բոլոր եղանակներով Արցախի գործընկեր կառույցի գործունեության արդյունավետությանը նպաստելու ՀՀ գլխավոր դատախազության հաստատակամությունը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն աշխատանքային այցով գտնվում է Արցախի Հանրապետությունում: Այցի շրջանակում Արթուր Դավթյանն այցելել է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազություն, որտեղ հանդիպում է ունեցել  իր գործընկերոջ՝ Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի հետ:

Ինչպես հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, հայկական երկու պետությունների գլխավոր դատախազները հանդիպել են Արցախի Հանրապետության դատախազության կոլեգիայի անդամներին: Քննարկվել են հետպատերազմյան շրջանում առաջացած նոր իրողությունների և մարտահրավերների պայմաններում երկու դատախազական կառույցների միջև փոխգործակցության ներդաշնակեցմանը, քրեական հետապնդման մարմինների գործակցությանն առնչվող հարցեր:

Արթուր Դավթյանը հետաքրքրվել է ստեղծված նոր իրավիճակում Արցախի դատախազության բնականոն գործունեության ապահովման, մասնագիտական կարողությունների զարգացման և այլ կարիքներից, այդ ուղղություններով ՀՀ գլխավոր դատախազությունից ակնկալվող աջակցությունից:

Նա վերահաստատել է հնարավոր բոլոր եղանակներով Արցախի գործընկեր կառույցի գործունեության արդյունավետությանը նպաստելու ՀՀ գլխավոր դատախազության հաստատակամությունը՝ ելակետ ունենալով օրինականության, քաղաքացիական իրավունքների պաշտպանության և ներքին անվտանգության ապահովման հենքին Արցախում բնականոն հանրային կյանքի երաշխավորման առաջնահերթությունը:

Հայաստանի և Արցախի գլխավոր դատախազներն արժևորել են դատախազական համակարգերի միջև ավանդական փոխվստահության բարձր մակարդակը: Նրանք ընդգծել են հատկապես քրեական վարույթների շրջանակներում տեղեկատվության օպերատիվ փոխանակման մեխանիզմների կայուն գործարկման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկու երկրների իրավասու մարմիններում քննվում են այնպիսի գործեր, որոնց փաստական հանգամանքները միմյանց փոխկապակցված կամ վերաբերելի են: Խոսքը մասնավորապես, վերաբերում է Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ պատերազմին վերաբերող քրեական գործերին, որոնց շրջանակում հանգամանքների լիարժեք պարզումն ու իրավական գնահատականներ տալը երկուստեք համարվում է բացարձակ առաջնային խնդիր:

Քննարկվել են նաև աշխատանքային բնույթի այլ հարցեր:

  • Կիսվել: